երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ագրարային համալսարանի 14 կրթական ծրագրերով սովորող երիտասարդները ստանում են ամսական 70 000 դրամ կրթաթոշակ. ռեկտոր

Ագրարային համալսարանի 14 կրթական ծրագրերով սովորող երիտասարդները ստանում են ամսական 70 000 դրամ կրթաթոշակ. ռեկտոր

Անցած տարվա սեպտեմբերից սկսած Ագրարային համալսարանի 14 կրթական ծրագրերով սովորող երիտասարդները ստանում են ամսական 70 000 դրամ կրթաթոշակ, որի նպատակն է առաջին հերթին երիտասարդի համար հնարավորություն ընձեռել ավելի շատ կենտրոնանալ իր ուսումնառության վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

«Ուսանողը սովորելով բարձր առաջադիմությամբ հնարավորություն կստանա 70-ի փոխարեն հաջորդ կուրսում ստանալ արդեն 77 000 դրամ կրթաթոշակ։ Դա նշանակում է, որ պետությունը սկսել է նաև որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ պետական օժանդակություն և զարգացումները դեռ սպասում են այս ոլորտում:

Եթե ուզում ենք ունենալ լիարժեք ապահովվածություն բարձրորակ մասնագետներով, լրացուցիչ ջանքեր են պետք և լրացուցիչ աջակցության մեխանիզմներ։  Պետության մեջ ագրոպարենային ոլորտը համարվում է պետական անվտանգության ապահովման հենասյուներից մեկը և տվյալ ոլորտի մասնագետների պատրաստումը չի կարող ուղղակի գտնվել երկրորդ պլանում։

Ագրարային համալսարանում, մենակ վերջին տարիների ընթացքում ստեղծվել է շուրջ 60 նոր ենթակառուցվածք:  70 000 դրամ կրթաթոշակը չի կարող ապահովել ցանկալի արդյունք, եթե ուսանողների մոտ չարձանագրվի կոնկրետ գործնական հմտությունների զարգացման գործընթաց:

Այս պահի դրությամբ դեռևս միակ բուհն ենք հանդիսանում որ կիրառում է աշխատանքային կիսամյակ. դա նշանակում է գործատուների հետ ունենալ համագործակցության փոխվստահության ձևաչափ որի ընթացքում մեկ ամբողջ կիսամյակ ուսանողը անցնում է գործատուի մոտ աշխատանքի,  գործատուն հնարավորություն է ունենում ամբողջ օրվա ընթացքում օգտագործել նույն երիտասարդի ուժը, որպես իր մոտ աշխատող, երիտասարդը կարողանում է իրեն դրսևորել թե որպես մարդ, թե որպես մասնագետ իրական աշխատանքի պայմաններում:

Գործատուները հնարավորություն ունեն ամբողջ կիսամյակի համար նախատեսված 30 կրեդիտից 70%-ը գնահատելու: Եթե գործատուն գտնում է, որ տվյալ երիտասարդը մասնագետի որակավորումը չպետք է ստանա և անբավարար գնահատական է ստանում էդ նույն աշխատանքային կիսամյակից, երիտասարդը չի շարունակում իր ուսումը»,-ասաց ռեկտորը:

  • Կիսվել: