Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել
Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Այս պահին Սևանի համայնքային ոստիկանները պարզում են գազալցակայանի և վնասված ավտոմեքենաների ու արևային պանելների սեփականատարերի ինքնությունը: