Ագրարային համալսարանի մասնագիտությունները ավելի մեծ պահանջարկ են ունենալու և ապահովելու են բարձր աշխատավարձ. ռեկտոր
Պետական անվտանգության ապահովման տեսանկյունից, Հայաստանի կառավարությունն իրականացնում է բազմաթիվ պետական օժանդակության ծրագրեր ագրոպարենային ոլորտում առաջընթաց և արտադրողականության աճ արձանագրելու նպատակով. մասնավորապես խրախուսվում են ինտենսիվ այգիների հիմնադրումները, առաջադեմ տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների հիմնումը, խելացի անասնաշենքերի հիմնումը, ցեղային անասնատեսակների բազմացումը և տարածումը, և մի շարք այլ ծրագրեր, որոնք թույլ կտան ագրոպարենային ոլորտում արձանագրել արտադրողականության աճ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Նա նկատեց, որ այս ամենը հնարավոր է կյանքի կոչել միայն որակյալ մասնագետների առկայության պարագայում, իսկ որակյալ մասնագետներ ապահովելու առաքելությունը դրված է իրենց համալսարանի վրա: «Այս առումով բոլոր մասնագիտությունները, որ առաջարկում է այսօր Ագրարային համալսարանը, և՛ պահանջված են, և՛ ամենակարևորը առաջիկայում ավելի մեծ պահանջարկ ունենալու ներուժ ունեցող մասնագիտություններ են։ Այսինքն այն բոլոր դիմորդները, որոնք որ կընտրեն ագրոպարենային ոլորտի մասնագիտություններ, կնշանակի իրենք պատկերացնում են հեռանկարային զարգացումները և կարողանում են ճիշտ թիրախավորել իրենց դերը ապագա հասարակական հարաբերություններում։ Ասել է, թե ագրարային համալսարանը մեծ նախադրյալներ է ստեղծում, որ երիտասարդը դառնա բարեկեցիկ ապրող քաղաքացի»,- ասաց ռեկտորը:
Նա ընդգծեց, որ աշխատաշուկայում արդեն իսկ այս ոլորտի մասնագետների պահանջարկ կա և գնալով ընդլայնվելու է. «Մենք ականատես ենք լինում, երբ պետական օժանդակությամբ ծրագրերով հիմնված այգիներում, ջերմատներում հաճախ մասնագետներ են ներգրավում արտերկրից, և տնտեսվարողներն էլ բավականին մեծ ծախսեր են կատարում: Տեղական մասնագետների պահանջարկը գնալով մեծանում է և ժամանակի պահանջներին ու չափանիշներին համահունչ մասնագիտական կարողություններ ունենալը նրանց այդ նույն աշխատատեղը համալրելու երաշխիք է դառնալու»:
Անդրադառնալով նրան, որ դիմորդները դժվարությամբ են ընտրություն կատարում դեպի ագրոպարենային ոլորտի մասնագիտություններ, Զաքոյանն ասաց. «Տեղեկատվության պակասը հաճախ երիտասարդներին թույլ չի տալիս ընտրություն կատարելիս կանգ առնել հենց ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների վրա, բայց տարեցտարի ավելանում է տեղեկացված երիտասարդների թիվը»:
Նա նշեց, որ երբ համալսարանում ներդրվեց ճշգրիտ գյուղատնտեսություն կրթական ծրագիրը, առաջին 2 տարում դիմորդ չեն ունեցել, իսկ նախորդ տարի արդեն կար 20 դիմորդ. «Այս տարի դա ամենապահանջված կրթական ծրագրերի շարքում է: Ագրոպայնային ոլորտում ունենալով ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելու հմտություններ, իրենք կարող են ունենալ շատ մրցունակ և շատ բարձր վարձատրվող աշխատանք»:
Ռեկտորը տեղեկացրեց, որ անցած տարվա սեպտեմբերից սկսած Ագրարային համալսարանի 14 կրթական ծրագրերով սովորող երիտասարդները ստանում են ամսական 70 000 դրամ կրթաթոշակ, որի նպատակն է առաջին հերթին երիտասարդի համար հնարավորություն ընձեռել ավելի շատ կենտրոնանալ իր ուսումնառության վրա: