շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոտայքում նախորդ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել. մարզպետ

Կոտայքում նախորդ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր ղեկավար մարզում իրականացված և իրականացվելիք աշխատանքները, նշեց, որ այսօր Կոտայքում տնտեսական ակտիվություն է նկատվում, մասնավորապես, մի շարք ուղղություններով բիզնես ծրագրեր են իրականացվում:

Խոսելով զբոսաշրջության մասին, մարզպետն ասաց, որ ներկայում մարզում գործում է շուրջ 100 հյուրանոցային տնտեսություն, որոնցից  51-ը՝ միայն Ծաղկաձորում: Նա հատկապես կարևորեց համայնքային տուրիզմի զարգացումը: «Այդ նպատակով բիզնես զբոսաշրջային ծրագրերն ուղղորդվում են համայնքներ: Այնտեղ խնդիր է դրված զբոսաշրջային ակտիվությունն ավելացնել՝ բարելավելով ենթակառուցվածքները, իրականացնելով համապատասխան ծրագրեր»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։

Հաջորդ ուղղությունն, ըստ նրա, վերականգնվող էներգետիկան է, որը փորձում են մարզում զարգացնել։ Մարզպետը նշեց, որ թե ֆոտովոլտային պանելների, թե հողմակայանների ուղղությամբ ընթացքի մեջ ծրագրեր ունեն:

Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ «Եվրոպական «Աքսիոնա» ընկերության հետ հուշագիր են ստորագրել նախորդ տարի, հիմա ընկերությունը մարզի մի քանի բնակավայրերում գեոդեզիական, հողաշինական աշխատանքներ է իրականացնում հողմակայաններ կառուցելու համար:

«Որոշ համայնքներում, մասնավորապես, Հրազդանի վարչական տարածքում հանրային լսումներ են կատարվում: Բառացիորեն մի քանի օրից՝ մարտի 16-ին, ընկերության եվրոպական գործընկերները Հայաստանում են լինելու, թեպետ արձակուրդի մեջ եմ գտնվելու, բայց հանդիպելու եմ, քննարկելու ենք հետագա աշխատանքները»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով տեխնոլոգիական գյուղատնտեսությանն ու ինտենսիվ այգեգործությանը, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ միայն անցյալ տարվա տվյալներով Կոտայքի մարզում  հավելյալ 22 հա ջերմոցային տնտեսություն է հիմնվել: Ներկայում, ընդհանուր առմամբ, մարզում կա 125 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություն: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՊՀ շուկա, արաբական երկրներ:

Մարզպետի խոսքով՝ 2019 թվականին Կոտայքում շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել տարբեր ոլորտներում:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց նաև, որ 2019 թվականին Կոտայքի մարզում իրականացվել և ընթացքի մեջ է գտնվում 51 սուբվենցիոն ծրագիր՝ ավելի քան 2 մլրդ դրամ բյուջեով, որից 1 մլրդ 40 միլիոնը՝ համայնքների մասնաբաժինն է։

  • Կիսվել: