հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոնյակի գովազդը կարող է արգելվել․ կառավարություն

Կոնյակի գովազդը կարող է արգելվել․ կառավարություն

Հայաստանի կառավարությունը մտադիր է արգելել կոնյակի գովազդը: Ներկայում գործող օրենսդրությամբ, զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր) գովազդը, բացառությամբ տեղական արտադրության կոնյակի:

Ըստ կառավարության՝ նախագծի նպատակն է բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ ու հավասար տնտեսական մրցակցություն ապահովել։ Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կոնյակի գովազդի առկայությունը, ըստ նախագծի, անհավասար պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար։ Բացի այդ, ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հիմանվորման, Եվրասիական տնտեսական միության պայմանագրով իրենց մրցակցային օրենսդրության նորմերը պետք է կիրառեն անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հավասար պայմաններով ու նույն կերպ։

Հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին կարգադրությունը ու հանձնարարվել է ներքին շուկայի հետ կապված խոչընդոտները վերացնել։

Ալկոհոլային գովազդը որոշակի ժամերով հեռուստաեթեր հեռարձակելու մասին օրենքը Հայաստանի խորհրդարանն ընդունել էր 2014-ին։ Ներկայում թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը զանգվածային էլեկտրոնային տեղեկատվամիջոցներով արգելվում է 06:00-22:30-ն ընկած ժամանակահատվածում։ Հայկական կոնյակի վրա նման սահմանափակումներ չտարածվեցին՝ տեղական արտադրության կոնյակը խթանելու համար։

  • Կիսվել: