երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման մասին անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ապագա մասնագետները կստանան արդեն համալսարանում։
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում դասընթացը կրթական ծրագրի մաս կկազմի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր այն ֆակուլտետներում, որտեղ դասավանդվում են «Անասնաբուծություն» և «Անասնաբուծության հիմունքներ» առարկաները։

Մորֆոլոգիայի և կենտդանագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը կարևոր է համարում ծրագրի իրականացումն ու դրա ուսուցանումը և՛ սննդի անվտանգության, և՛ տոհմային աշխատանքի իրականացման տեսանկյունից։

«Մենք ունենք պայմանավորվածություն այն մասին, որ ապագայում պիտի միանանք ԵԱՏՄ երկրների տոհմային կենդանիների ռեստրներին։ Դա անհնար է անել առանց կենդանիների համարակալման ու հաշվառման։ Իսկ դասընթացի պարտադիր լինելը կօգնի ապագա մասնագետներին, ունենալ արդի նվազագույն գիտելիքներ և պատրաստվածություն արտադրությունում կամ գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված լինելու ժամանակ»,- նշում է Չիթչյանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը նշեց՝ արդեն սկսել են համարակալել նաև հորթերին։
Նրա խոսքով, հանրապետությունում այս պահի դրությամբ արդեն համարակալվել է 520 հազարից ավելի խոշոր եղջերավոր կենդանի։ Սա խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ մշակվող, փորձնական տարբեր փուլեր անցած ծրագիրն արդեն իրականություն է դարձել։
«Հաշվառման տվյալները մենք արդեն իսկ օգտագործում ենք հաջորդ տարվա պատվաստումները և իրականացվելիք միջոցառումները պլանավորելու համար։ Սա մեզ համար տեղեկատվության մեծ աղբյուր է»։

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» համապետական ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի նոյեմբերին։ Այն վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին աջակցում է CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: