երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Խոշոր առեւտրային ցանցերը պայմաններ են թելադրում, ժամանակին չեն վճարում. Դա զսպելու համար փաթեթ կընդունվի

Խոշոր առեւտրային ցանցերը պայմաններ են թելադրում, ժամանակին չեն վճարում. Դա զսպելու համար փաթեթ կընդունվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր առևտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։

Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում և ընդլայնվում է խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը։ Առևտրային ցանցերի մուտքը, մի կողմից, դրական ազդեցություն է ունեցել սպառողների շահերի տեսանկյունից՝ բարձրացնելով սպասարկման որակը, ապահովելով ապրանքների պահպանման պայմանները, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայրը, սակայն մյուս կողմից հանգեցրել է սպառողական ապրանքների կենտրոնացմանը։

Մասնավորապես, մանրածախ առևտրի ոլորտում առևտրային ցանցերի բաշխվածությունն ու իրացման մեծ ծավալներն անհամաչափություն են ստեղծում առևտրային ցանցերի և մատակարարների միջև գոյություն ունեցող բանակցային դիրքերի միջև, ինչն էլ իր հերթին առաջ է բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առևտրային ցանցերի կողմից մատակարարների ընտրության հարցում խտրական մոտեցումների ցուցաբերումը, խտրական զեղչային քաղաքականության կիրառումը, գների անհիմն տատանումները, մատակարարներին իրականացվող վճարումների հետաձգումները, նոր տնտեսավարող սուբյեկտների մուտքի սահմանափակումը և այլն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հավասարակշռելու առևտրային ցանցերի և մատակարարների շահերը, զսպելու հնարավոր ռիսկերը և ապահովելու բարեխիղճ, արդար և մրցակցային միջավայր։

Բացի այդ, առևտրային ցանցերի և մատակարարների միջև արդար առևտրի կանոնների բացակայության պայմաններում տուժում են հատկապես գերփոքր, փոքր և միջին ընկերությունները, որոնք իրենց բանակցային թույլ դիրքից ելնելով ստիպված են լինում համաձայնել փաստացի առաջարկվող պայմաններին կամ կորցնել իրենց արտադրանքը սպառող խոշոր գործընկերներին:

Առևտրային ցանցերի և մատակարարների միջև առկա արդիական խնդիրներից է նաև առևտրային ցանցերի կողմից արդեն իսկ մատակարարված ապրանքների դիմաց վճարման հետաձգումները։ Որոշ դեպքերում մի շարք առևտրային ցանցերին մատակարարված արտադրանքի համար ենթակա վճարների ժամկետները երկարաձգվում են՝ հասնելով մինչև մեկ տարվա շեմին, ինչը մատակարար ընկերությունների համար ստեղծում է ֆինանսական խնդիրներ և կանխիկի շրջանառության խնդիր։

Այս ամենը հաշվի առնելով առաջարկվում է կատարել հետեւյալ փոփոխությունները.

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.

նախատեսվել են բանակցային ուժեղ դիրքի չարաշահումների նոր դրսևորումներ.

նախատեսվել է գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկայում բանակցային ուժեղ դիրքի առկայության շեմեր.

Սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված առանձին ընթացակարգային գործողությունների իրականացման հնարավորություն.

լրացվել է Հանձնաժողովի նախագահի կողմից միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթղթեր, այդ թվում՝ հուշագրեր ստորագրելու իրավական հիմք.

շտկվել է Օրենքում առկա տեխնիկական բնույթի խնդիրներ։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.

սահմանվել են առևտրային ցանցի և մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջներ.

ամրագրվել է առևտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկ.

նախատեսվել են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշները և պայմանները, նոր մատակարարների մուտքն առևտրային ցանց.

հստակեցվել էառևտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները.

սահմանվել են առևտրային ցանցի կողմից մատակարարին վճարման ենթակա առավելագույն ժամկետներ.

նախատեսվել է ապրանքների ցուցադրման պայմաններն առևտրային ցանցում, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմաններ և կարգ:

  • Կիսվել: