ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արվել են սադրիչ կոչեր. ԿԲ-ն դատապարտել է հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունները

Արվել են սադրիչ կոչեր. ԿԲ-ն դատապարտել է հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունները

ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները եւ նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական բակը:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով:

Այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու և իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի և կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով: Քաղաքացու և իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ:

Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է և սահմանված ժամկետում կպատասխանվի: Միևնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները և շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը:

Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել և մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է  նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, և շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»։

Նշենք, որ այսօր ԿԲ-ի դիմաց վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել ոստրկանության կենտրոն բաժին։

  • Կիսվել: