շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում, ԱԱՏՄ կողմից մարզային կասեցումները գերակշռում են

Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում, ԱԱՏՄ կողմից մարզային կասեցումները գերակշռում են

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ: Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի եւ երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ընդ որում՝ վերջին օրերին մարզային կասեցումները գերակշռում են։

Միաժամանակ, այսօր շարունակվել են ստուգայցերը․ դրանք այսօր ուժեղացված ռեժիմով ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 
        

ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ հակահամաճարակային կանոնների խախտումները թեեւ  ոչ նախկին ծավալներով, սակայն շարունակում են արձանագրվել։ Որոշ տնտեսավարողների մոտ խախտումներ եւ թերացումներ հայտնաբերվել են նաեւ այսօր: ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա՝ ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 տոկոսանոց սպիրտային ախտահանիչ լուծույթ, ճիշտ կրել դիմակը, սահմանված կարգով ջերմաչափել աշխատակիցներին և ճշգրիտ լրացնել ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանները:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում տեղեկացման պահից։

  • Կիսվել: