շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ինտենսիվ այգեգործության խթանման պետական աջակցության ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ինտենսիվ այգեգործության խթանման պետական աջակցության ծրագրում

Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-23 թթ. ծրագրում փոփոխությունների նախագիծը:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի, ինչպես նաև ոչ ավանդական՝ բարձր ավելացված արժեք ձևավորող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։ Բացի դրանից՝ պտղաբուծությունն ու խաղողագործությունը սերտորեն կապված են ագրովերամշակող արդյունաբերության հետ, որը կարևոր նշանակություն ունի գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով։

«2019 թ. ինտենսիվ այգիների ծավալը, մարզպետարանների ներկայացրած տվյալների համաձայն, կազմել է մոտ 1600 հա, 2020 թ. հիմնվել է լրացուցիչ 519 հա այգի: Այսինքն՝ COVID-ով պայմանավորված՝ անորոշություններով ոլորտն արդեն փաստացի երևում է, որ մեծ ապագա ունի»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ պնդելով, որ Կառավարությունը պետք է աջակցի ինտենսիվ գյուղատնտեսության անցմանն ու զարգացմանը: «Որքան արագ այդ անցումը տեղի ունենա, այնքան մենք մրցակցային բարձր առավելություն կունենանք միջազգային շուկաներում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ կան նաև ռիսկեր, որոնք մեղմելու համար Կառավարությունը միջոցներ է տրամադրում:

  • Կիսվել: