հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ի՞նչ անել, երբ պաշտոնյան 60 հազար դրամից ավելի արժողությամբ նվեր է ստացել. նոր փաթեթ է ընդունվելու

Ի՞նչ անել, երբ պաշտոնյան 60 հազար դրամից ավելի արժողությամբ նվեր է ստացել. նոր փաթեթ է ընդունվելու

Կառավարությունն իր այսօրվ՝ հոկտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ օրենքի հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն:  Եթե պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները նաեւ արարողակարգային նվերները իրենց արժողությամբ գերազանցում են 60 հազար դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին:

Սակայն չեն բացառվում այնպիսի իրավիճակներ, երբ պետությունը, դառնալով գույքի սեփականատեր, չօգտագործի իրեն անցած գույքը և չիրականացնի դրա օտարմանն ուղղված որևէ գործողություն, քանի որ նման պարտականություն չունի:

Պետությանը փոխանցվող նվերները  մի շարք առանձնահատկություններ ունեն: Դրանք հաճախ իրենց նպատակային նշանակությամբ ու բնույթով այնպիսինն են, որ օբյեկտիվորեն չեն կարող օգտագործվել պետական կառավարման մարմինների կողմից՝ ուղղակիորեն իրենց լիազորությունների իրականացման համար:

Մյուս կողմից,  անձը այն նվիրելիս ունի իրավաչափ ակնկալիք առ այն, որ տվյալ նվերը տրվում է կոնկրետ պաշտոնատար անձին: Նման պայմաններում հետագայում տվյալ նվերը պետությանը սեփականության իրավունքով փոխանցվելու դեպքում տվյալ նվերի հետագա ճակատագիրն այն նվիրողի համար կանխատեսելի չէ:

Այսպիսով, արարողակարգային և պաշտոնական այցերի ժամանակ տրված նվերների դեպքում նշված նվերներն անմիջապես իրացնելը որոշ դեպքերում ոչ միայն արդյունավետ լուծում չի լինի, այլև կարող է նաև անընդունելի լինել՝ հաշվի առնելով նշված նվերների տրամադրման նպատակները և այդ նվերների էությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առկա է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները, կարգը և տնօրինմանն առնչվող այլ հարաբերություններն օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտություն:

Նախագծով առաջարկվում է սահմանել կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները Ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ:

  • Կիսվել: