շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Հյուսիս–հարավի» նոր հատվածը կկրճատի ճանապարհը, մոտ 0,3-0,4%-ով կազդի ՀՆԱ–ի վրա. Քերոբյան

«Հյուսիս–հարավի» նոր հատվածը կկրճատի ճանապարհը, մոտ 0,3-0,4%-ով կազդի ՀՆԱ–ի վրա. Քերոբյան

«Հյուսիս-hարավ» միջանցքը խոշոր ներդրումային ծրագիր է, և դրա իրականացումն ինքնին մեծ ազդեցություն ունի տնտեսության վրա։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նշենք, որ այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև կնքվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 4–րդ տրանշի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։

«Մեր հաշվարկներով` մոտավորապես 0,3 -0,4 տոկոս ՀՆԱ–ի վրա ազդեցություն կունենա առաջիկա 3 տարիներից յուրաքանչյուրում։ Ճանապարհի միայն այս կտորում երթևեկության կրճատումը կլինի մոտ 30 րոպեի չափը, որը ևս տնտեսական մեծ ազդեցություն կունենա»,– ասաց Քերոբյանը։

Նա անդրադարձավ նաև ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Քերոբյանի խոսքով` ներկայում եղած տուրքերը մեծ վնասներ են հասցնում թե՛ երկկողմ, թե՛ տարանցիկ առևտրաշրջանառությանը։
Տուրքերի վերացման վերաբերյալ համաձայնագրի կնքումն ու դրա ուժի մեջ մտնելը, ըստ նախարարի, անգնահատելի նշանակություն ունի ՀՀ արտահանման դիվերսիֆիկացիայի համար։
 
«Ճանապարհային տուրքերի վերացումն օգնելու է նաև, որ ՀՀ արտահանողներն անհամեմատ ավելի հեշտացված հասանելիություն ունենան ծոցի արաբական երկրներին, ինչպես նաև Իրաքին և Մերձավոր Արևելքի մյուս երկրներին»,– նշեց նախարարը։
 
«Հյուսիս–հարավ» միջանցքի կառուցումից հետո նաև ճանապարհի կրճատումն է նպաստելու այս գործին։ Տուրքերի վերացումն ու ճանապարհի կրճատումը թույլ կտա մեծացնել հասանելիությունը դեպի Հարավարևելյան Ասիայի երկրներ` Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա և այլն։
Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նաև հայտնեց, որ նոյեմբերին Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Շանհայում անցկացվող Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Նպատակն է խթանել մեր երկրից դեպի Չինաստան արտահանումը։
«Չինաստանը Հայաստանի 3 խոշոր գործընկերներից է, սակայն արտահանման ուղղությամբ բացի հանքանյութերից որևէ այլ նվաճում չունենք»,– հավելեց Քերոբյանը։
 
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
 
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

  • Կիսվել: