շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2019-ին աճել է շուրջ 40 տոկոսով. նկատվում է պահանջարկի ավելացում

Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2019-ին աճել է շուրջ 40 տոկոսով. նկատվում է պահանջարկի ավելացում

Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալի մեծ աճ է նկատվում, նախորդ տարեվերջի դրությամբ հիփոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը շուրջ 40 տոկոսով աճել է 2018-ի համեմատ: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի հետ:

«Ունենք հիփոթեքային վարկերի բավականին մեծ աճ: 2019-ի վերջի դրությամբ հիփոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը շուրջ 40 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատ: Դրա վրա մի քանի գործոններ են ազդել, իրենց ազդեցությունն են ունեցել թե նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար եկամտային հարկի վերադարձումը, թե պետական նպատակային ծրագրերը՝ օրինակ պետության կողմից սուբսիդավորվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը, ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք հենց շուկայական պայմաններով իրականացվող ծրագրեր են և թե բանկերի սեփական ռեսուրսներով տրամադրվող հիփոթեքային վարկերը: Բոլորն էլ ունեցել են իրենց ազդեցությունը, և պահանջարկի մեծ աճ է նկատվել այդ ընթացքում: Հենց սա էլ բերել է հիփոթեքային վարկերի նման աճի»,-ասաց Գրիգորյանը:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրով տրամադրվող վարկերի ծավալը գրեթե կրկնապատկվել է: Սա ընդհանուր ծավալի ավելացման վրա արդեն իսկ բավականին մեծ ազդեցություն է: Նույնը վերաբերում է սովորական հիփոթեքային վարկերին, որոնց մի մասը վերաֆինանսավորվում են ազգային հիփոթեքային ընկերության կողմից:

Խոսելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասին՝ Գրիգորյանը նշեց՝ միջին հիփոթեքային վարկի տոկոսադրույքը 10-10.5 տոկոսի մոտակայքում է, ու սա գնալով նվազել է: Նա վստահեցրեց՝ տարածաշրջանում, նախկին Խորհրդային միության երկրներում դժվար կլինի գտնել հիփոթեքային վարկեր, որոնք հասանելի լինեն տեղական արժույթով նման տոկոսադրույքներով, եթե դրանք չեն սուբսիդավորվում պետության կողմից:

Երբեմն Հայաստանում տրամադրվող հիփոթեքային վարկերը համեմատում են ԱՄՆ-ում դոլարով տրամադրվող հիփոթեքային վարկերի հետ: Գրիգորյանը շեշտեց՝ սխալ է նման համադրություն անելը: «Թեև ունենք դրամով տրամադրվող վարկեր, որոնք գրեթե նույն տոկոսադրույքն ունեն, ինչ դոլարով տրամադրվողները, այն դեպքում, երբ դրամի և դոլարի միջև տարբերությունը 5-6 տոկոս պետք է լինի զուտ շուկայից ելնելով»,-ասաց նա:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ շատ դեպքերում հիփոթեքային վարկերը մարզերում հատկապես երիտասարդ ընտանիքների համար հասանելի են նույնիսկ 3-3.5 տոկոսադրույքով: «Ունենք 10-10.5 տոկոս հիփոթեքային վարկի տոկոսադրույք, այն դեպքում, երբ մեզ մոտ ավանդի տոկոսադրույքը տատանվում է 9.5-10 տոկոսի շուրջ: Այսինքն՝ բանկը 10 տոկոսով վերցնելու է, 10 տոկոսով վաճառի, բանկն ընդամենը միջնորդ է: Ցանկացած ֆինանսական ծառայության մասին խոսելիս պետք է ընդունենք, որ բանկը միջնորդ է: Այն ընդամենը իրականացնում է իր միջնորդության ծախսը, որը չի գերազանցում  3-3.5 տոկոսը: Հիփոթեքի դեպքում այս ցուցանիշը նույնիսկ 0-1 տոկոսի մոտ է տատանվում»,-եզրափակեց Գրիգորյանը:

  • Կիսվել: