ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ-ում 2023-ին արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը․բնական աճը ամենաբարձրն է վերջին 5 տարիներին. Փաշինյան

ՀՀ-ում 2023-ին արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը․բնական աճը ամենաբարձրն է վերջին 5 տարիներին. Փաշինյան

Շատ կարևոր մի բան է տեղի ունեցել ՀՀ-ում, 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին հինգ տարիների համեմատ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այլոց շարքում նաև ժողովրդագրության ոլորտում Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Նաև ուզում եմ արձանագրել, որ սա առողջապահության ոլորտում ՀՀ Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Մենք շատ լավ ցուցանիշ ունենք. մեռելածինների թվաքանակի էական նվազում ունենք, դա նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի արդյունավետ, որովհետև ոլորտում սպասարկման որակի բարձրացման մասին է վկայում ոչ միայն աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն պետպատվերի շրջանակում առողջապահական հիմնարկների ֆինանսավորման մեծացումը»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ կառավարությունը տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակներում որոշում է կայացրել լիզինգի ծրագրի վերաբերյալ. «Առողջապահական հիմնարկները կարող են իրենց անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները ձեռք բերել: Այստեղ խնդիրը ոչ միայն մասնագիտական հմտությունների մեջ է, այլև ժամանակակից տեխնիկայի թիվը մեր առողջապահական հիմնարկներում շատանում է, ինչը շատ էական է»: 

Փաշինյանը կարևորեց այն, որ մահացությունների ամենացածր ցուցանիշն ունենք: «Այս առումով էլի պետք է վերադառնամ և խոսեմ կորոնավիրուսի համավարակի կառավարման մեր ցուցանիշների և որակի և մահացությունների հետ կապված: Այս հարցը կապ ունի նրանով, որ մենք ճիշտ էինք կարդում և ճիշտ էինք հասկանում իրադրությունը և ճիշտ որոշումներ էինք կայացրել, և այդ որոշումների շնորհիվ է, որ մենք գործնականում վերջին 5 տարիների ընթացքում մահացության ամենացածր ցուցանիշն ունենք ՀՀ-ում, և բնական աճը ամենաբարձրն է վերջին 5 տարիների համար: 

Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով, և սա շատ կարևոր ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, կօգնի, որ նրանք ՀՀ-ից չհեռանալու որոշում կայացնեն, և այս բոլոր ցուցանիշների գծով մենք կունենանք ավելի լավ տվյալներ»,- նշեց նա:

  • Կիսվել: