կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ն պատրաստ է համակարգել ԵՏՄ ոսկերչական բրենդի ձևավորման ծրագրի իրականացումը. Փաշինյան

ՀՀ-ն պատրաստ է համակարգել ԵՏՄ ոսկերչական բրենդի ձևավորման ծրագրի իրականացումը. Փաշինյան

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համակարգել Եվրասիական միության ոսկերչական բրենդի ձեւավորման ծրագրի իրականացումը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Սանկտ Պետերբուրգում Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի  նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է.  Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության ընթացքում ապահովվել է առաջընթաց ոսկերչական իրերի ընդհանուր շուկայի ստեղծման գործում, եւ այսօր մենք հանդես ենք գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով երկրներից յուրաքանչյուրին իրականացնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից մեկի համակարգումը։

Փաշինյանը նաեւ հիշեցրել է, որ այսօրվա նիստը վերջինն է Հայաստանի նախագահությամբ։

«Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ էր միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով։ Ինչպես հայտնի է, ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը եւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու կազմավորման համաձայնագիրը։ Ստորագրվել են նաեւ համաձայնագրեր Սինգապուրի եւ Սերբիայի հետ ազատ առեւտրի մասին, ինչպես նաեւ Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը։ Այս տարվա հոկտեմբերին Երեւանում դրվեց Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման ավանդույթի հիմքը։ Նման միջոցառումներն այսուհետ ամեն տարի կանցկացվեն նախագահող երկրում։ Բացի այդ, ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են ինտեգրման ինստիտուտների կատարելագործմանը եւ համագործակցության խորացմանը մեր երկրների միջեւ, հավանության արժանացավ միջազգային պայմանագիրը միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման մասին, հաստատվեց ԵՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը։ Բացի այդ, տրվեց եվրասիական ցանցի առաջին թվային նախագծի մեկնարկը»,-նշեց արչապետը։

Հիշեցնենք, որ ավարտվում է ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության տարին, նախագահությունը ստանձնում է Բելառուսը:

  • Կիսվել: