երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը. ինչ են քննարկել

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը. ինչ են քննարկել

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերություններում ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որը ձեռք է բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո։

Ընդգծվել է նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայով սահմանված առաջնահերթ ուղղություններով աշխատանքային խմբերի գործունեության կարևորությունը՝ երկկողմ համագործակցության հետագա խորացման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Ադրբեջանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռք բերված արդյունքներին։ Նշվել է, որ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Ադրբեջանի II միջազգային ներդրումային համաժողովի շրջանակում էներգետիկայի, ածխաջրածնային ռեսուրսների հետախուզման, մշակման և արդյունահանման, ներդրումների, թվային տեխնոլոգիաների, առևտրի և այլ ոլորտներում ստորագրված փաստաթղթերը զգալիորեն ընդլայնել են համագործակցության գործնական բովանդակությունը։

Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

  • Կիսվել: