հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է Ֆրանսիայի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կառավարության հանձնառությունը

Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է Ֆրանսիայի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կառավարության հանձնառությունը

ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով մի շարք ուղղություններով փոխշահավետ եւ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու հանձնառությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի արդյունավետ կառավարման ուղղությամբ ԶՖԳ հետ ձեւավորված երկարամյա փոխգործակցությանը եւ դրա շարունակականության կարեւորությանը։

ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատել են գործակալության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը եւ կատարելագործելու արդեն իսկ ձեւավորված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:

  • Կիսվել: