ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԿԲ-ից որևէ ուղով Ռուսաստան գումար չի գնում. Գալստյան

ՀՀ ԿԲ-ից որևէ ուղով Ռուսաստան գումար չի գնում. Գալստյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին հարց ուղղվեց այն մասին, թե արդյոք ՀՀ-ում սպասվո՞ւմ է դոլարի սակավության խնդիր, քանի որ դոլարի փոխարժեքի բարձրացմանը զուգահեռ՝ որոշ բանկեր հաճախորդներին առաջարկում են 10.000 դոլարից ավելի կանխիկացնելու պարագայում մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկացնել բանկին, հակառակ պարագայում չեն կարող տրամադրել գումարը, ինչպես նաև սոցիալական ցանցերում բավական ճանաչում ունեցող մարդկանց կողմից շրջանառվում են տեսակետներ, որ ՀՀ ԿԲ-ն դոլար է տրամադրել ՌԴ-ին, և դոլարի փոխարժեքի բարձրացումը կապում են նաև այդ հանգամանքի հետ:

Գալստյանը, անդրադառնալով հարցին, մասնավորապես, նշեց. ՛՛ՀՀ Կենտրոնական բանկից որևէ ուղով Ռուսաստան գումար չի գնում, որովհետև Կենտրոնական բանկն ունի իր բալանսը՝ վարում է իր գործունեությունը, և ամեն ինչը հաշվառվում է։ Այսինքն՝ ՀՀ ԿԲ-ն չունի հաշվառման մի քանի համակարգ, որ մի համակարգով բերում ենք, մյուսով տանում ենք։

Այդ խոսակցությունները աբսուրդի ժանրից են։ Ինչ վերաբերում է կանխիկ արտարժույթին՝ բնականաբար, լարվածությանը ու անհանգստությանը զուգահեռ, մարդկանց ու տնտեսվարողների մեջ ցանկություն է առաջանում անցում կատարելու իրենց կուտակած անկանխիկ միջոցներից դեպի կանխիկի։ Եթե կանխիկը ՀՀ դրամն է, ու դրա տերը ԿԲ-ն է՝ որևէ խնդիր չկա։

Իսկ դոլարի տերը Ամերիկայի ֆեդերալ ռեզերվային համակարգն է, որը որոշակի սահմանափակումներ է մտցնում ստեղծված իրավիճակում՝ կանխիկի շրջանառության, տրամադրման և այլ տիպի գործունեության համար։ Այնուամենայնիվ, ես կարող եմ արձանագրել, որ այսօրվա դրությամբ ԿԲ-ն, ինչպես նաև մեր բանկերը ունեն կանխիկի բավարար պաշար՛՛:

  • Կիսվել: