ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է «Գեղարքունիք» ՋՕԸ-ում

ՀՀ Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է «Գեղարքունիք» ՋՕԸ-ում

ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ տեղում «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության հետ քննարկելու մի շարք առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ։

Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, հրավիրվել է խորհրդակցություն ՋՕԸ աշխատակիցների մասնակցությամբ, այնուհետ Ջրային կոմիտեի նախագահն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանն այցելել են «Գեղարքունիք» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներ, որտեղ ծանոթացել են ոռոգման հերթական շրջանի նախապատրաստական աշխատանքներին և հիդրոտեխնիկական կառույցների ընթացիկ վիճակին Մարտունու, Աստղաձորի, Զոլաքարի և Ծովինարի պոմպակայաններում։

Ոլորտի մասնագետներն այցելել են նաև Աստղաձորի ապագա ջրամբարի թասի տարածք։ ՋՕԸ-ի գործադիր տնօրենի ներկայացմամբ՝  նախատեսվող ջրամբարի կառուցմամբ ու շահագործմամբ զգալիորեն կթեթևանա Սևանա լճից սնվող մի շարք պոմպակայանների ծանրաբեռնվածությունը, կխնայվի որոշակի քանակի էլեկտրաէներգիա։ 

Այցելությունը եզրափակվել է Ծովինար բնակավայրում, որտեղ Ջրային կոմիտեի ղեկավարն ու տեղակալը «Արփա-Սևան» թիվ 2 թունելի ելքամասում դիտարկել են ջրանցքով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ընթացքը և ջրաչափական դիտակետը։

 

 

  • Կիսվել: