շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ Ֆինանսների նախարարությունը նպատակ ունի փոխել կապիտալ ծախսերի իրականացման մեխանիզմը․ Վահե Հովհաննիսյան

ՀՀ Ֆինանսների նախարարությունը նպատակ ունի փոխել կապիտալ ծախսերի իրականացման մեխանիզմը․ Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակ ունի փոխել կապիտալ ծախսերի իրականացման մեխանիզմը։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ի պատասխան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին` նախարարն ասաց, որ կապիտալ ծախսերը սովորաբար պլանավորվում են մեկ տարվա համար, սակայն նախարարությունն այժմ ունի մի ծրագիր, որով ցանկանում են տվյալ տարում չկատարված կապիտալ ծախսերը տեղափոխել մյուս տարի։

«Երբեմն ծրագրերի գործողությունները չեն հասցնում ավարտել ժամանակին, ասենք` տվյալ տարվա դեկտեմբերին ու անցնում է հաջորդ տարվա, օրինակ` հունվար ամիս, մինչդեռ հաջորդ տարվա բյուջեով մենք դրա համար գումար չունենք հատկացրած։ Սրանով է նաև պայմանավորված մեր նախաձեռնությունը»,– ընդգծեց նախարարը։

Ըստ Հովհաննիսյանի` այսպիսով հնարավոր կլինի նաև որոշակիորեն նվազեցնել բյուրոկրատիան, ու կապիտալ ծախսերի իրականացումը կլինի առանց սթրեսի։

Ինչ վերաբերում է ՀՀ բարձր տեխնոլագիական նախարարությունում նախատեսված կապիտալ ծախսերի աճին, ապա նախարարը վստահեցրեց, որ 10 մլրդ դրամը տրամադրվելու է թվայնացման համար, այսինքն` ոչ թե շենք–շինություն կառուցելու, այլ թվայնացման գործընթացի համար։

«Ես անգամ կարծում եմ, որ այս գումարն էլ բավարար չէ, ու մենք հավելյալ միջոցներ պետք է դրա համար հատկացնենք»,– նշեց նա։

Նախարար Հովհաննիսյանի համար նաև մտահոգիչ է այն, որ կապիտալի մեծ կուտակում կա հանքարդյունաբերության մեջ։ Դրանից խուսափելու համար, ըստ նրա, պետք է ավելի մեծ աշխատանք տանել տնտեսության դիվերսիֆիկացիայի համար։

  • Կիսվել: