կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարումը հաղթահարված է. Վահե Հովհաննիսյանը՝ բարձր կատարողականների մասին

Կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարումը հաղթահարված է. Վահե Հովհաննիսյանը՝ բարձր կատարողականների մասին

Երբ մենք խոսում էինք կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարման մասին, կարող ենք արձանագրել, որ այդ թերակատարումը հաղթահարված է, որովհետև վերջին 3 տարիներին մենք ունենք բավականին բարձր կատարողականներ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Եթե 2021 թվականին ունենք 92,5 [տոկոս կատարողական], 2022-ին՝ 94,9, այժմ այդ ցուցանիշը ևս բարելավել ենք և ունենք 95,8 տոկոս կատարողական: Այստեղ կարևոր է ոչ միայն կատարողականի տոկոսը, այլև բացարձակ թիվը: Մենք, ընդ որում, ունեցել ենք 105 մլրդ դրամ կապիտալ ծախսերի աճ»,- ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանը նաև պարզաբանեց՝ կապիտալ ծախսերի աճը պայմանավորված է պաշտպանության ապահովման, ճանապարհային ցանցի բարելավման, քաղաքային զարգացման, ոռոգման համակարգի առողջացման, դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքի ձեռքբերման նպատակով կատարված ծախսերի աճով: Օրինակ՝ ճանապարհային ցանցի բարելավման նպատակով լրացուցիչ 24,4 մլրդ դրամի ծախս է արվել, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքի ձեռքբերման նպատակով՝ 8,5 մլրդ դրամի, քաղաքային զարգացման նպատակով՝ 8,6 մլրդ դրամի:

  • Կիսվել: