Հայկական կողմից որևէ խախտում չի եղել.ՊԵԿ փոխնախագահը՝ Հայաստանից Ղազախստան ներկրված մեքենաների մասին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ անդրադարձավ հայ-ղազախական տնտեսական խնդրին, որն առաջացել է Հայաստանից Ղազախստան ներկրված ավտոմեքենաների հետ կապված:
Նա նշեց, որ Հայաստանում գնված և Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների հարցում հայկական կողմից որևէ խախտում չի իրականացվել: Ըստ նրա՝ հայ վաճառողները որևէ խախտում թույլ չեն տվել, ամեն ինչ իրականացվել է ԵԱՏՄ կողմից Հայաստանին տրամադրված արտոնության շրջանակում։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը տվել էր մաքսատուրքերի արտոնություններ՝ այդ թվում նաև երկրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մասով: Այս ընթացքում մեծ թվով ղազախներ Հայաստանում ձեռք են բերել գրանցում, գնել ավտոմեքենաներ, հաշվառել դրանք ու արտահանել Ղազախստան։ Սա, սակայն, Ղազախստանում պետության կողմից միանշանակ չի ընդունվել:
Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ Հայաստանն այս պահին մեծ խնդիր չունի: «Մենք, ոստիկանությունը Ղազախստանի կոլեգաների այցի ընթացքում ամբողջ տեղեկությունը տրամադրել ենք: Այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց նա։
Նրա խոսքով, ղազախներն այս ավտոմեքենաները տարել են Ղազախստան հայկական գրանցումով, իսկ այնտեղ վերավաճառելու համար այդ ավտոմեքենաները Հայաստանի գրանցումից պետք է դուրս գան։
«Եթե ցանկանան դրանք վերավաճառել, պետք է վերադառնան Հայաստան, եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, ապա դա կատարելուց հետո միայն այդ ավտոմեքենաները այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան այնտեղ վերահաշվառել»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: