հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանը բաց է օտարերկրյա ներդրումների համար. Վահան Քերոբյան

Հայաստանը բաց է օտարերկրյա ներդրումների համար. Վահան Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 4-ին մասնակցել է ուզբեկա-հայկական գործարար համաժողովին, որն անցկացվել է առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։ Համաժողովին ներկա են եղել Հայաստանից Տաշքենդ ժամանած էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտներ ներկայացնող գործարարներ։
 
Նախարարն իր ելույթում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտի հիմնական ցուցանիշները և նշել, որ Հայաստանում 2022 թ․ գրանցվել է 12,6% տնտեսական աճ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է 11,4%։
 
«Օտարերկրյա ուղիղ ներդրումները գերազանցել են 1 մլրդ դոլարը, որը կազմում է ՀՆԱ-ի 5%-ից ավելին, իսկ ընդհանուր ներդրումները կազմել են 4,2 մլրդ դոլար, որը համապատասխան է ՀՆԱ 22%-ին։ Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում բացվել է մոտավորապես 12500 ընկերություն, որոնց գրեթե կեսը ունեցել են օտարերկրյա ներդրողներ, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը բաց է օտարերկրյա ներդրումների համար»,- նշել է Վահան Քերոբյանը։
 
Համաժողովի ընթացքում գործարարները և պետության ներկայացուցիչները ակտիվ քննարկումներ են ունեցել արտահանման, ներմուծման և ներդրումների իրականացման շուրջ։

  • Կիսվել: