Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները այսուհետ յուրաքանչյուր 100 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունքի համար պետք է վճարեն 175 մլն դրամ պետտուրք
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները այսուհետ յուրաքանչյուր 100 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետք է վճարեն 175 մլն դրամ պետական տուրք, իսկ տոտալիզատորների կազմակերպիչները յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ 50 մլն դրամ տուրք:
Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների հարկային բեռի բարձրացումն է: Առաջարկվում է պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրքը՝ ներդնել նաև լրացուցիչ պետական տուրք՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից:
«Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի պարագայում յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու պարագայում վճարել ևս 175 մլն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների պարագայում յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու համար վճարել ևս 50 մլն դրամ պետական տուրք»,-ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: