շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում կատարվել է շուրջ 360 հազար խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում

Հայաստանում կատարվել է շուրջ 360 հազար խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում

Հանրապետության բոլոր մարզերում 2022 թվականի նոյեմբերից մեկնարկած «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն ակտիվ իրականացման փուլում է: Արդեն իրականացվել է 360 հազար կենդանու համարակալում ու հաշվառում: Գործընթացը իրականացվում է անվճար:    

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ մինչև ծրագիրն իրականացնելն ուսումնասիրել են միջազգային փորձը և առանձնացրել ավստրիականը: Հայաստանի մասնագետներն արդեն եղել են Ավստրիայում և տեղում ծանոթացել կենդանիների համարակալման ու հաշվառման համակարգին: Ավստրիան երկար տարիների փորձ ունի կենդանիների հաշվառման ու համարակալման գործընթացում:

«Համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը և արդյունաբերության զարգացմանը: Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է: Եվ որպեսզի մենք կարողանանք ընդլայնել մեր շուկաները, անհրաժեշտ է ունենալ հետագծելի սննդամթերք: Կենդանիների համարակալումն այդ գործում կարևոր հենասյուներից մեկն է»,-ասաց Արման Խոջոյանը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ ծրագրի մեկնարկից առաջ զգալի նախապատրաստական աշխատանք է տարվել. կատարվել է մասնագետների վերապատրաստում, ձեռք են բերվել կենդանիների համարակալման համար նախատեսված ականջապիտակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Նրա խոսքով՝ կենդանիների անձնագրի գոյությունը ֆերմերի համար բացում է տարբեր շուկաների դռները: Մարդիկ նայելու են կենդանու անձնագրին և տեսնելու են, թե ինչի հետ գործ ունեն: «Գիտենք, որ կան հիվանդություններ, որոնք կենդանիներից անցնում են մարդուն: Այս համարակալման գործընթացը տալիս է  հնարավորությունը ունենալու  կենդանիների հիվանդությունների հետագծելիության ապահովման բարձր մակարդակ, հետևաբար նաև՝ սննդամթերքի անվտանգության տեսանկյունից: Չափազանց կարևոր է կենդանիների համարակալման նախաձեռնությունը նաև պարենային անվտանգության ապահովման առումով: Ամբողջական ու կենտրոնացված տեղեկատվական բազայի առկայությունը հնարավորություն է տալու հետագայում ծրագրերն առավել արդյունավետ ու թիրախային իրականացնել: Գործընթացը շարունակական է լինելու:»,-ասաց Խոջոյանը:

Նա նշեց նաև, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից  մշակվել է «AniPas» կենդանիների համարակալման էլեկտրոնային  համակարգը, և կենդանիների մասին ամբողջական տվյալները մուտքագրվում են նաև այդ համակարգում: Եվ անասնաբույժներն ու համաճարակաբանները կենդանիների մասին ամբողջական տեղեկատվություն կարող են ստանալ էլեկտրոնային տարբերակով հենց այդ համակարգից:  

Անդրադառնալով ոլորտի մեկ այլ կարևոր հարցին՝ սպանդանոցների գործունեությանը, փոխնախարարը նշեց, որ համաձայն սննդի անվտանգության տեսչական մարմի կողմից հրապարակված տեղեկատվության՝ այսօր Հայաստանում ընդհանուր սպանդանոցների թիվը  կազմում է 98, սակայն այդ թիվը շարունակաբար փոփոխվում է:

«Քաղաքացիները կամ տնտեսվարողները կարող են ավելի թարմ տեղեկատվություն ունենալ գործող սպանդանոցների մասին սննդի անվտանգության տեսչական մարմի կայքում: Կարող եմ ասել, որ սպանդանոցների գործընթացն այսօր կիրառման  ընթացքի մեջ է և արգելվում է սննդի վաճառակետերում առանց հինգերորդ ձևի փաստաթղթի վաճառք իրականացնելը, որը տալիս է հենց սպանդանոցը»,- նշեց փոխնախարարը:

Արման Խոջոյանի խոսքով՝ սննդի անվտանգության տեսչական մարմինը այս հարցը շարունակաբար պահում է իր ուշադրության կենտրոնում   և նոր մեխանիզմներ է ներդնում հետագծելիությունը ապահովելու համար:

«Բայց այստեղ շատ կարևոր է նաև, որ բնակչությունը պահանջատեր լինի, քանի որ այս նախաձեռնությունը ինքնանպատակ չէ:  Մեզ համար կարևոր է եղել բնակչության համար ապահովել անվտանգ մսի առկայությունը, և սա է պատճառը, որ նախաձեռնվել և  պարտադրվել է հենց սպանդանոցային մորթը: Բայց  սպառողը նույնպես պետք է կարևորի  և կարողանա վաճառակետերում պահանջել սպանդանոցային մսի առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, որն էլ կստիպի արդեն տնտեսվարողներին առաջարկել միայն այն միսը, որը  սպանդանոցային մորթի է ենթարկվել»,- ասաց նա:

Խոջոյանը նշեց, որ մինչ այս օրենքի կիրառումը մարզերում իրականացվել է քարտեզագրում. տեղորոշվել են այն դիրքերը, որտեղ պետք է սպանդանոցների  հնարավոր հասանելիությունը ապահովվի: «Այսօր այդ քարտեզագրումից դուրս է մնացել միայն Վայոց Ձորի մարզը, որտեղ սպանդանոցներ դեռևս առկա չեն, բայց այդ հարցը փորձել ենք լուծել շրջիկ սպանդանոցների միջոցով»,- եզրափակեց նախարարի տեղակալը:

  • Կիսվել: