երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանում երբևէ նման որակի և ստանդարտի ճանապարհ  չի եղել․ վարչապետը՝ Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածի մասին

Հայաստանում երբևէ նման որակի և ստանդարտի ճանապարհ չի եղել․ վարչապետը՝ Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածի մասին

«Վերջերս առիթ եմ ունեցել անցնել Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով, այնտեղ  մի հատված, ըստ էության վերջնական վիճակում է։ Պիտի առաջին անգամ արձանագրեմ, որ կարծես մենք առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել, նախարարի հետ հանդիպման ընթացքում ասել եմ, եթե մի տարուց այդ ճանապարհի վրա փոսեր չեն հայտնվելու, կարող ենք արձանագրել, որ, իսկապես, բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել։ Ենթակառուցվածքները, նշանները դեռևս ամբողջությամբ արված չեն, բայց նույնիսկ այդ պայմաններում կարող ենք արձանագրել, որ Հայաստանում երբևէ նման որակի և ստանդարտի ճանապարհ  չի եղել, ինչը շատ կարևոր նորություն է»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կարևոր եմ համարում, որ մենք միջհամայնքային ճանապարհների կառուցմամբ էլ  կարծես թե՝  ուզում ենք մոտենալ նոր ստանդարտի։ Վերջերս  առիթ ունեցա Հրազդան-Բջնի վերականգնված ճանապարհով անցնել  և այս բոլոր ճանապարհները մեզ համար Հայաստանը նորովի տեսնելու և նորովի հայտնաբերելու մի միջոց են»,- ասաց նա։ 

Ըստ Փաշինյանի շատ կարևոր է կառավարության կողմից նախատեսված ծրագրերը պատշաճ ժամանակում իրականացնել․ «Ցավով պիտի նշեմ, որ մի քանի ծրագիր ունեինք, որ նախատեսում էինք անցած տարի սկսել, բայց ամենատարբեր ինտրիգների և անկարգապահությունների պատճառով դա  չիրականացվեց։ Սկզբունքային պետք է  անենք այն ծրագրերը, որոնք սկսել ենք և չսպասենք, թե արդյոք կապալառուները կլինեն  պարտաճանաչ․ պետք է կարողանանք լծակներ գտնել՝ կամ նրանց, ընդհանրապես, մեկուսացնելու պետական գնումներից  կամ այնպես անել, որ նրանք իրենց պարտականությունները պատշաճ կատարեն»։ 

  • Կիսվել: