չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
2022 թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար. Փաշինյան

2022 թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ 2022 թվականի և 2023 թվականի առաջին եռամսյակի արձանագրած տնտեսական ցուցանիշներին:

«2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար: Սա նշանակալի աճ է, եւ համաձայն Արժութի միջազգային հիմնադրամի տվյալների՝ աշխարհի բոլոր երկրների մեջ Հայաստանն իր տնտեսական աճով չորրորդն է: Ուզում եմ ընդգծել, որ 2021 թվականին մեկ շնչին ընկնող՝ 4679 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին դարձել է 6569 ԱՄՆ դոլար: Սա էական աճ է: Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի նաեւ փոխարժեքը, բայց փոխարժեքը միակ գործոնը չէ: Մյուս կողմից էլ՝ փոխարժեքը, հայկական դրամի գնողունակության աճը եւ արժեքի աճը նույնպես էական տնտեսական գործոններ են, որի ազդեցությունների մասին խոսելու առիթ, իհարկե, կունենանք:

2022 թվականի տնտեսական հաջողությունը մեզ մղում է ավելի արագացնել այն բարեփոխումները, որ մեր օրակարգում են, որպեսզի կարողանանք սպասարկել աճի ավելի բարձր ուղեծիր եւ ամրապնդել այսօրվա մեր տնտեսական ձեռքբերումները, ստեղծել ամուր հիմք՝ հաջորդ տարիներին տարեկան 7 տոկոս տնտեսական աճի համար »,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ 2022 թվականի տնտեսական աճը տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ բազմաթիվ ներդրողներ, ի հեճուկս արտաքին մարտահրավերների, նախընտրել են Հայաստանում ստեղծել կամ մեր երկիր տեղափոխել իրենց ընկերությունները:

«Տեղական ներդրողները, նաեւ օգտվելով Կառավարության աջակցության ծրագրերից, ապահովել են ներդրումների բավական բարձր մակարդակ։ 2022 թվականին մեր երկրում ստեղծվել է ավելի քան 12 հազար ընկերություն եւ 25 հազար անհատ ձեռնարկություն, կատարված ընդհանուր ներդրումների ծավալի նախնական գնահատումը կազմում է 1 տրլն 688 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ մոտ 20 տոկոսը:

Օտարրկրյա ուղղակի ներդրումների ծավալը համարյա եռապատկվել է, դարձել գրեթե 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ շոշափելիորեն աճելով 2021 թվականի եւ նախորդ բոլոր տարիների նկատմամբ։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար։ Կարեւոր է ընդգծել, որ հաշվետու տարում Հայաստան են մուտք գործել մի շարք գլոբալ ընկերություններ, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի տնտեսական կերպարի համար»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: