շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ թանկացումները մեղմելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

«Հայաստանի Հանրապետություն»․ թանկացումները մեղմելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2020 թ․ հունվարի 1-ից ավարտվում են որոշ ապրանքատեսակների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, եւ ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ–ում սահմանված նոր մաքսատուրքերը։

Ինչպիսի ազդեցություն կունենա մի շարք ապրանքատեսակների թանկացումը մեր երկրի շարքային քաղաքացիների եւ գործարար հատվածի համար։ Ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը սպասվող թանկացումների ազդեցությունը մեղմելու համար։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ակցիզային հարկի կամ մաքսատուրքի սպասվող փոփոխությունը հիմնականում գնային մեծ ազդեցություն չի ունենա՝ առաջացնելով շատ չնչին տարբերություններ։

Կառավարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որով փորձ է արվում հնարավորինս մեղմել սպասվող թանկացումները։ Աջակցման գործիքների հետ կապված նախեւառաջ ՀՀ կենտրոնական բանկը կարողանում է կառավարել դրամի կուրսը։ Դրա արդյունքում հաջորդ տարվա համար կանխատեսել է ընդամենը 1.5 տոկոս գնաճ։ Երկրորդ աջակցման գործիքն այն է, որ պետությունը բարձրացրել է պետական ծառայողների աշխատավարձերը, ինչպես նաեւ տալիս է հավելավճարներ։ Երրորդ աջակցման գործիքը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է, որի շնորհիվ մոտ 40 հազար մարդ հաջորդ տարվանից 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն կստանա 68 հազար դրամ, ինչը 13 հազարով ավելին է։ Չորրորդը՝ այսուհետ այլեւ չի հարկվելու մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: