շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ջրերի օգտագործման և պահպանության ռիսկերը շարունակում են օրակարգային խնդիր լինել

«Հայաստանի Հանրապետություն». Ջրերի օգտագործման և պահպանության ռիսկերը շարունակում են օրակարգային խնդիր լինել

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ջրերի օգտագործման և պահպանության մասով այնքան ռիսկեր կան, որ չգիտենք՝ ինչն ասել, ինչը՝ ոչ: Ռիսկերը՝ լիուլի, ռիսկ ստեղծողներն էլ՝ անպակաս: Ովքեր են վերջիններս:

Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանից և ընդհանրապես մեր երկրի տարածքում ձկնատնտեսական նշանակության մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառ իրականացնող, ինչպես նաև արտադրական կեղտաջրերը դեպի մակերևութային ջրեր հեռացնողները: Կամ Արարատյան դաշտում ձկնաբուծության, ոռոգման և խմելու, կոմունալ-կենցաղային նպատակներով ստորգետնյա ջրատար հորիզոնից ջրառ իրականացնողները: Կամ Սևանա լիճ և լճի ջրահավաք ավազան կեղտաջրեր հեռացնող տնտեսավարողները, ՋՕԸ-երը և փոքր հիդրոէլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունները (տեսչական մարմինը նրանց համարում է բարձր ռիսկային ջրօգտագործողներ):

Ի՞նչ անել: Իհարկե, ինչպես միշտ, հազարերորդ անգամ էլ կարող ենք կրկնել, որ անհրաժեշտ է, օրինակ, ՓՀԷԿ-երի շահագործման դեպքում գետերի էկոլոգիական թողքերի պահպանում, ձկնապաշտպան կառույցների ու սարքավորումների առկայություն և այլն: Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ հորդորը, ոչ էլ տուգանքը տնտեսվարողի վրա չեն ազդում: Տուգանքն, իհարկե, կազդի, եթե այդ տուգանքի չափն ազդեցիկ լինի:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրավիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է համարում համապատասխան նորմատիվ իրավական դաշտի փոփոխություններն ու կարգավորումները, ամենակարևորը՝ հստակեցումները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: