ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունը թույլ տվեց Սևանա լճից բաց թողնել 170 մլն մ³ ջուր. Դեռ 18 մլն մ³ պակասում է

Կառավարությունը թույլ տվեց Սևանա լճից բաց թողնել 170 մլն մ³ ջուր. Դեռ 18 մլն մ³ պակասում է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում որոշեց թույլ տալ ոռոգման նպատակով Սևանա լճից բաց թողնել 170 մլն մ³ ջուր: Այս թիվն ամրագրված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում և դրանից ավել ջրի բաց թողնելու համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությամբ մտնել ԱԺ:

Հիշեցնենք, որ օրերս Շրջակա միջավայրի նախարարությունը 2022թ համար Սևանա լճից ջրի բաց թողնման առավելագույն չափաքանակ էր սահմանել 135 մլն մ³-ը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2022 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.2 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 424 մլն մ³:

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 149.5 մլն մ³, Ազատի ջրամբարից շուրջ 45 մլն մ³, Ապարանի ջրամբարից շուրջ 15 մլն մ³  ջրաքանակներով` հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2022թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը:

Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 26.5մլն մ³ ջրարտադրություն (ընդամենը՝ 236 մլն մ³):

Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 18 մլն մ³, սակայն, ղեկավարվելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջով, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ³ ծավալով բացթողում»:

Սա հաշվի առնելով հանձնարարվել է ոռոգման ջրամատակարարում իրականացնող համապատասխան կազմակերպություններին՝ ուսումնասիրել այլընտրանքային ջրաղբյուրներից ջրամատակարարման հնարավորությունները՝ նշված շուրջ 18 մլն մ3 դեֆիցիտը մեղմելու նպատակով:

Հիշեցնենք, որ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 31-ի համեմատ ցածր է 20 սմ-ով:

  • Կիսվել: