երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2023-ին աճել է 2,4 անգամ. Գեւորգ Պապոյան

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2023-ին աճել է 2,4 անգամ. Գեւորգ Պապոյան

Երևանում այսօր՝ ապրիլի 9-ին, ընթանում է հայ-ղազախական գործարար համաժողովը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։

Իր խոսքում Գեւորգ Պապոյանը, մասնավորապես, նշեց. «Այս համաժողովը հիանալի հնարավորություն է առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, էլ ավելի խորացման եւ նոր փոխշահավետ գործարար կապեր հաստատելու համար:

Մեծ բավականությամբ ուզում եմ նշել, որ ֆորումին մասնակցում են տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ավելի քան 150 ներկայացուցիչներ: Երկկողմ հարաբերություններում հատուկ տեղ է զբաղեցնում հաջորդ շաբաթ նախատեսված Ղազախստանի նախագահ Տոկաեւի այցը Հայաստան»;

Պապոյանը հիշեցրեց, որ ապրիլի 2-ին Հայաստանի ու Ղազախստանի փոխվարչապետների գլխավորությամբ երկու երկրների միջեւ կայացել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը, խթանել փոխադարձ ներդրումները, եւ ապահովել դրանց պաշտպանությունը, ամրապնդել ենթակառուցվածքային կապերը:

«Փոխգործակցության մեծ ներուժի առկայության մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 մլն դոլար, որը 2,4 անգամ ավելի է, քան 2022 թվականին: Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության ակտիվացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել  այդ ցուցանիշը:

Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ, որը շարունակվում է նաեւ այս տարի: Հայաստանում հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,6 տոկոս: Մեր երկրի տնտեսության աճի բարձր դինամիկան պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության ջանքերով: Այս առումով կցանկանայի ընդգծել տնտեսության արդիականացման կառավարության ծրագիրը, որի շրջանակներում պետությունը լիզինգի վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով հնարավորություն է տալիս ձեռնարկություններին արդիականացնել արտադրությունը՝ նպատակ ունենալով ավելացնել արտադրական հզորությունները եւ էլ ավելի մրցունակ դարձնել արտադրվող ապրանքները»,-ասաց նախարարը: Նրա խոսքով, այս ծրագրով 1846 ընկերություններ ձեռք են բերել մոտավորապես 228 մլրդ դրամի նոր սարքավորումներ

«Հայաստանի տնտեսության զարգացման մեջ առանցքային դեր է խաղում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը: ՀՀ կառավարությունը նպատակ է դրել Հայաստանում ստեղծել վարչական կարգավորումների թափանցիկ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, շուկայական ենթակառուցվածքների զարգացում»:

Իր խոսքի վերջում Գ եւորգ Պապոյանը արդյունավետ աշխտանք մաղթեց գործարար համաժողովի մասնակիցներին:

Նշենք, որ համաժողովում կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկու երկրների գործարարների միջև տեղի կունենան B2B ձևաչափով հանդիպումներ, կստորագրվեն մի շարք պայմանագրեր և հուշագրեր։

  • Կիսվել: