ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի անտառների դեգրադացիայի հիմնական պատճառը 90-ականների չհամակարգված անտառահատումներն են․Արուսյակ Սիրադեղյան

Հայաստանի անտառների դեգրադացիայի հիմնական պատճառը 90-ականների չհամակարգված անտառահատումներն են․Արուսյակ Սիրադեղյան

Հանրապետությունում իրականացվող անտառվերականագնողական ծրագրի շուրջ այսօր հրավիրված ասուլիսում խոսել են Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը։

Մինչ ծրագրին անդրադառնալը բանախոսները ներկայացրեցին, թե ինչպիսի իրավիճակ ունենք անտառային տարածքներում և որքանով է իրավիճակը խնդրահարույց, քանի որ նշվում էր, որ այդ տարածքների մի մասը դեգրադացիայի է ենթարկվում, մի հատվածն էլ վերածվում է խոտհարքների։

Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանի խոսքով՝ մեր անտառները հանդիսանում են լեռնային անտառներ և նշեց, որ ցավոք որոշ հատվածներում անտառները դեգրադացվել են՝ կորցրել են իրենց բնապահպանական ֆունկցիաները, բայց սրան հակառակ՝ օրինակ Վանաձորում, երբ 90-ականներին անտառները հատվել էին՝ այսօր բավականին վերականգնվել են՝ որակապես զիջելով մյուս անտառներին։

«Մեր անտառները Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում են և բորլոր հատվածներում էլ կան դեգրադացված անտառներ և կան արդեն վերականգնված նորմալ տեսքի անտառներ»,-ասաց Արուսյակ Սիրադեղյանը՝ նշելով, որ 90-ականների չհամակարգված անտառահատումներ են եղել անտառների դեգրադացիայի պատաճառը։

Սիրադեղյանի խոսքով՝ քայլեր են արվում կլիմայական փոփոխությունների պատճառով առաջացած խնդիրները լուծելու համար և բարձրացնելու անտառային տարածքների որակը։

Հարցին՝ պետությունն ի՞նչ որդեգրած քաղաքականություն ունի անտառների պահպանման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում Հայաստանը ամենափոքր անտառային տարածքներ ունեցող երկրների կազմում է գտնվում, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ասաց, որ անտառպահպանման և անտառվերականգնման ծավալները վերջին տարիներին մեծացել են և պետական բյուջեից ամեն տարի ֆիանասավորվում են նշված աշխատանքերը։

  • Կիսվել: