ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը

Հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը

Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման, հաշմանդամության հիմքով խտրականության բացառման, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագիրը։

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ համալիր ծրագրում ամրագրված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հնարավորությունների ընձեռնմանն ուղղված առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական ու համայնքային բյուջեների շրջանակում իրականացվող միջոցառումները, սահմանված են դրանց կատարման պատասխանատուները և թիրախները:

Հիմնվելով Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ․ համալիր ծրագրի հիմնական ուղղությունների վրա և հաշվի առնելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները՝ սահմանվել է 7 առաջնահերթություն՝

  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, ինչպես նաև խտրականության բացառում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում՝ կրթության բոլոր մակարդակներում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում,
  • ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում,
  • մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին,
  • հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում,
  • արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3GfX2Cn

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Համալիր ծրագրի նախագծի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, այդ թվում՝ աջակցելով մշակման և հանրային քննարկման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հետ խորհրդակցությունների անցկացման հարցում։ Համալիր ծրագրի նախագծի մշակման փուլում մասնակցություն է ունեցել ոլորտային յոթ հասարակական կազմակերպություն և հաշմանդամություն ունեցող ավելի քան 70 անձ։

  • Կիսվել: