երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաղթողները կստանան $1,250․ Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա AgriTech ինկուբացիոն ծրագիր

Հաղթողները կստանան $1,250․ Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա AgriTech ինկուբացիոն ծրագիր

Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ ուղղված AgriTech նախագծերի իրականացմանը: Երևանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհի շրջանակում իրականացվող ծրագրի հաղթող թիմերը կստանան $1,250 ֆինանսավորում, ինչպես նաև ինկուբացիոն աջակցություն և մենթորություն:

Ծրագիրը կսկսվի գաղափարների մշակման երկօրյա միջոցառմամբ, որին մասնակցելու համար ընտրված 60 դիմորդները կգնահատվեն ըստ իրենց առաջնորդության և թիմային աշխատանքի հմտությունների: Գնահատման արդյունքում ընտրված վեց լավագույն մասնակիցները կձևավորեն իրենց թիմերը և կմիանան 12-շաբաթյա ինկուբացիոն ծրագրին՝ $1,250 ֆինանսավորում և համապարփակ աջակցություն ստանալու հեռանկարով:

Տասներկուշաբաթյա ծրագրից հետո հաղթող թիմերը կմիանան նախնական ակսելերացիայի փուլին և կստանան մենթորություն և աջակցություն` Թումո լաբերին կամ ստարտափների խթանման արտաքին ծրագրերին միանալու համար: Ինկուբացիոն ծրագրին հաջորդող 3-6 ամիսների ընթացքում Թումո լաբերը ակտիվորեն կաջակցի հաղթող թիմերին իրենց առաջին հաճախորդներին և օգտատերերին գտնելու գործում:

«Շարունակելով երիտասարդների վերապատրաստմանն ու հիմնարար ոլորտներում հմտությունների բարձրացմանն ուղղված մեր կրթական ծրագրերը՝ հպարտությամբ հայտարարում ենք գյուղատնտեսության ոլորտում նորարարության խթանմանն ուղղված AgriTech ինկուբացիոն ծրագրի մասին: Թումո լաբերը հավատում է, որ կայուն լուծումներին զարկ տալով՝ ստեղծելու ենք բարեկեցիկ ապագա: Միասին մենք ապագան ավելի կանաչ, խելացի և ապահով կդարձնենք»,- ասել է Թումո լաբերի ղեկավար Բահարե Ֆաթեմին:

Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրենց բիզնեսն սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմը փորձարկելու, նոր անդամներ գտնելու և գաղափարը հաղթող փիթչի վերածելու համար: Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր և ներդրումների աղբյուր գտնելը։

Ո՞վ կարող է դիմել 

  • Պետք է լինել 18 տարեկանից բարձր:
  • Պետք է պատրաստ լինել 12 շաբաթվա ընթացքում շաբաթական նվազագույնը 20 ժամ հատկացնել ծրագրին:
  • Ծրագրին հնարավոր է դիմել որպես անհատ կամ որպես թիմ: Անհատ դիմորդները հնարավորություն կունենան ձևավորել իրենց թիմերը նախնական գաղափարների մշակման փուլում: 
  • Անգլերենի բավարար իմացությունը ցանկալի է։
  • Մարզաբնակ դիմորդների մասնակցությունը խրախուսվում է. երկօրյա գաղափարաթոնին մարզաբնակ դիմորդների մասնակցությունն ապահովելու համար Թումո լաբերը կհոգա նրանց տրանսպորտային և կեցության կարիքները, իսկ ինկուբացիոն փուլի հանդիպումների մեծ մասին հնարավոր կլինի միանալ առցանց: Բացի դրանից, մենթորային ծրագրեր կկազմակերպվեն տարբեր քաղաքներում, իսկ գլխավոր Դեմո օրվան անձամբ ներկա գտնվելու համար մարզաբնակ մասնակիցները կտեղափոխվեն Երևան:

Ծրագրին դիմելու համար ուղարկե՛ք նամակ [email protected] հասցեին՝ վերնագրում նշելով "AgriTech Incubation 2023" և կցելով CV/Rեզյումե, թեկնածուի նկարագրություն և մոտիվացիոն նամակ:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։

  • Կիսվել: