ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկի պայմաններն անընդունելի են եղել, դրա համար հրաժարվել ենք. փոխնախարար

ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկի պայմաններն անընդունելի են եղել, դրա համար հրաժարվել ենք. փոխնախարար

Մեծամորի ատոմակայանի համար նախատեսված ռուսական վարկի պայմաններն անընդունելի են եղել հայկական կողմի համար, այդ պատճառով էլ որոշվել էր հրաժարվել դրա մի մասի օգտագործումից: Այս մասին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսական վարկի մնացորդը դրամաշնորհի հետ միասին կազմել է մոտ $110 մլն, որից վարկի մասով` $100 մլն։ Ռուսական վարկի օգտագործման ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Եվ ես չեմ որակի, որ մենք հրաժարվել ենք։ Ուղղակի մենք վերջնական չենք դիմել վարկի ժամկետի երկարացման համար, որովհետև օգտագործման պայմանների հետ խնդիրներ կային։

Այսինքն՝ այն պայմաններով, որով վարկն օգտագործվում էր, մեր գնահատմամբ՝ հնարավոր չէր արդյունավետ ավարտել ծրագիրը։ Իսկ վարկային պայմանների փոփոխություն, ըստ ռուսական կողմի, հնարավոր չէր, որովհետև նման վարկերն այլ երկրներին, օրինակ` Բելառուսին, ևս տրված էին այդ պայմաններով։ Փոփոխությունը ենթադրում էր, որ մյուս երկրները ևս կուզենային փոփոխություն՛՛։

Վարդանյանի խոսքով՝ հայկական կողմի համար խնդրահարույց էր նաև վարկի օգտագործման այն պայմանը, որ պետք է դրա 80%-ը և ավելին օգտագործվեր ռուսական արտադրանքի կամ ռուսական ընկերությունների կողմից։

Փոխնախարարն ասել է նաև, որ ռուսների հետ քննարկումներից հետո որոշվել է սեփական միջոցներով շարունակել գործունեությունը: Նա ընդգծել է, որ դա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական որոշում է։

  • Կիսվել: