հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գործադիրը հավանություն տվեց ՀՀ-ի ու Եվրահանձնաժողովի միջև 2 համաձայնագրի ստորագրմանը

Գործադիրը հավանություն տվեց ՀՀ-ի ու Եվրահանձնաժողովի միջև 2 համաձայնագրի ստորագրմանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց կնքվելիք դրամաշնորհային ֆինանսավորման 2 համաձայնագիր: Ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ բյուջեից՝ ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում:

«Առաջին՝ «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման ծրագրով նախատեսված է 10 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով: Մասնավորապես, աջակցությունը կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման մասով, ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ պարեկային ծառայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում՝ հաստատությունների նյութատեխնիկական ապահովման և միգրացիոն քաղաքականության մշակման ու իրականացման կարողությունների հզորացման մասով»,- ասաց Գրիգորյանը:

Աջակցություն կտրամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին՝ կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով:

Հաջորդ դրամաշնորհային համաձայնագիրն է՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար»:

Համաձայնագրով նախատեսված է 23 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել ՀՀ-ին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը:

«Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: