երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գործադիրը հաստատել է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարությունը

Գործադիրը հաստատել է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարությունը

Գործադիրը հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թթ. գործողությունների ծրագիրը:

ՊՖԿՀԲ իրականացման արդյունքում կապահովվի պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը: ՊՖԿ համակարգի գլխավոր առաջանահերթությունը համապատասխանության ապահովումն է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ և արդյունավետ կառավարման սկզբունքներին և ապահովում է «փողի դիմաց արժեք» սկզբունքի պահպանումը։ ՊՖԿՀ բարեփոխումների իրականացումը հիմնականում ուղղված են հարկաբյուջետային կարգապահության և ֆինանսական համապատասխանությանը և հանրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման աստիճանի բարձրացմանը:

Ռազմավարության շրջանակի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ ՊՖԿ ներկայիս գերակայությունները և միջազգային փորձն ու ստանդարտները: Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել է 14 ոլորտ՝ հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն, պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն, ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում, բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ, պետական պարտք և այլն:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներից են նաև նվազագույնի հասցնել ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև շեղումները՝ սահմանելով մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել բյուջեի կատարման գործընթացում պլանավորվածից շեղումների առաջացման պատճառները և քայլեր ձեռնարկել՝ հետագայում դրանց կանխարգելման համար, երաշխավորել, որ միջոցները կապակցված են հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են գերակայություններին և քաղաքականության թիրախներին։

ՊՖԿՀ բարեփոխումների արդիական և կարևոր խնդիրներից է նաև հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը, թվայնացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների կիրառումն ապահովելը։

Տիգրան Ավինյանն ընդգծել է ռազմավարությունում ներառված բոլոր խնդիրների լուծման հարցում թվային գործիքների ներդրման կարևորությունը: Անդրադառնալով հանրային ծառայությունների գնահատման համակարգին՝ փոխվարչապետը նշել է, որ այն արդեն քննարկման առարկա է: «Կարծում եմ՝ քաղաքացիների հետ հետադարձ կապի ստեղծումը, որը հիմա քննարկում ենք մեր թվային օրակարգի շրջանակում, լավագույն մեթոդներից է հասկանալու, թե այս կամ այն հանրային ծառայությունն ինչպիսի գնահատականի է արժանանում քաղաքացիների կողմից»,-ասել է Տիգրան Ավինյանը:

 

  • Կիսվել: