երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանում գործող ատոմակայանը ենթակա է շահագործման մինչև 2036 թվականը. Գնել Սանոսյան

Հայաստանում գործող ատոմակայանը ենթակա է շահագործման մինչև 2036 թվականը. Գնել Սանոսյան

Հայաստանում գործող ատոմակայանը ենթակա է շահագործման մինչև 2036 թվականը: Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք արվել և արվում է, որպեսզի լիցենզիայի ժամկետը 2026-ից դառնա 2036 թվական: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու խոսակցություններին:

Ըստ Սանոսյանի՝ նոր ատոմակայան կառուցելու թեման արդեն շրջանառվում է, քանի որ վերջինիս կառուցումը երկար է տևում, նաև նախապատրաստական փուլն է բավականին երկար, այսինքն՝ մոտ 2 տարի պետք է նախապատրաստվել և 8-10 տարի` կառուցել: Բարդ է նաև ընտրությունը, թե ինչ հզորության ատոմակայան պետք է կառուցվի:

«Հզորություն որոշելը շատ բարդ է, քանի որ շատ գործոններ կան, որ պետք է հաշվել: Ու քանի որ նոր ատոմակայանը կառուցվում է մոտ 100 տարվա համար, մենք պետք է «2036+100» տարի հաշվարկներ անենք, օրինակ, հաշվենք՝ 2080 թվականին մենք ինչքա՞ն էլեկտրաէներգիա կտանք Իրանին, կամ կտա՞նք, թե՞ չենք տա: Վրաստան կուղարկե՞նք, թե՞ չէ: Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպիսի՞ն կլինեն: Թուրքիան մեզանից էլեկտրաէներգիա կվերցնի՞, թե՞ չէ, որովհետև Թուրքիայի արևելյան շրջանները հիմա ունեն, օրինակ, դրա կարիքը»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ հարց է նաև այն, թե տեղական սպառումը ինչպիսի՞ն կլինի:

«Եթե կառուցել հզոր ատոմակայան, օրինակ, 1000 կամ 1200 մեգավատ (հիմա՝ այս պահին, մեր ամբողջ էներգետիկ համակարգը 1200 է), կստացվի, որ կունենաս մի կայան, որը կարտադրի երկրիդ ամբողջ պահանջարկը, իսկ եթե ատոմակայանդ կանգնի, ի՞նչ կլինի երկրիդ տնտեսության ու էներգետիկ համակարգի հետ: Եթե փոքր կառուցես, այդ դեպքում միգուցե 60, 70 կամ 80-ական թվականներին երկրիդ տնտեսությունն այնպես զարգանա, որ պարզվի, որ այդ փոքրը կառուցել ես, ու բավարարի չէ»,- ասաց նախարարը, ապա հիշեցրեց, որ եթե Հայաստանը պղնձաձուլարան ունենա, երկրում էներգիայի սպառումը ամբողջությամբ այլ կլինի, որովհետև պղնձաձուլարանը մեծ քանակի սպառող է:

Ըստ Սանոսյանի՝ նմանատիպ հարցերը շատ են, և այդ հաշվարկներից ելնելով՝ պետք է հասկանալ, թե ինչ հզորության ատոմակայան է պետք գալու Հայաստանին:

  • Կիսվել: