երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի

«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի

Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշեց, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

Հարցին, թե այսինքն՝ միայն թանկացնելու համա՞ր պետք է լինի հայտը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Դե սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար Գազպրոմն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ շարունակել ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսավորել թանկացումը, նա պատասխանեց.

«2013-2018 թվականների պայմանագրով, երբ հանձնաժողովը որևէ գործունեություն չէր իրականացնում, այլ համաձայնագրերով էր պարտադրվում սակագինը, կային կուտակված գումարներ և խնայողություններ, որի արդյունքում և բանակցությունների շնորհիվ դա հնարավոր եղավ: Հիմա քննարկումները շարունակվում են, բայց ամեն դեպքում դա հավերժ չի կարող լինել»,- ասաց նա:

Գարեգին Բաղրամյանը հավելեց, որ դեռևս հայտ չկա, բայց չի բացառվում, որ կլինի: Իսկ, թե քանի՞ տոկոսով կարող է թանկանալ գազը սպառողի համար, նա պատասխանեց, որ հնարավոր չէ հիմա ասել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: