շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գազի գնի հարցում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է. Մելքումյան

Գազի գնի հարցում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է. Մելքումյան

Ստրատեգիական հարաբերությունները նաև գազի գնի մասով չպետք է քաղաքականացվեն։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 21-ի հայտարարությանը։

Նա նախ նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ԵԱՏՄ անդամ լինելը միասնական պայմաններ է ենթադրում: «Հիմա ուզենք, թե չուզենք, Սերգեյ Լավրովը կասի, թե մյուս գործընկերները, մենք ինչ-որ ժամանակահատվածում միասնական շուկայում ենք հայտնվելու: Նույնը նաև գազի գնի հարցում է։ Գազի գինն ինչքան լինի Օրենբուրգի մարզում կամ Կրասնոդարում, գումարվելու է տրանսակցիոն ծախսերը և Վրաստանի տրանզիտը»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝  Լավրովի միտքն այն էր, որ երկուստեք փոխադարձության սկզբունքով պետք է գործեն: Այսինքն՝ եթե ՌԴ-ն արտոնյալ գներով գազ է մատակարարում, ապա հայկական կողմից  էլ պետք է քայլ արվի:

«Օրինակ, վերջերս ԵԽԽՎ-ում դրված էր Ռուսաստանի հարցը և վերջին նիստում ես և Մոլդովիայի ներկայացուցիչը հանդես ենք եկել Ռուսաստանի օգտին և դրա համար շնորհակալական մեսիջներ եմ ստացել ՌԴ-ից: Հիմա մենք չենք ասում, որ դրա դիմաց ենք նման ելույթներով հանդես գալիս: Այսինքն՝ ստրատեգիական հարաբերությունների և գազի գինի մասով չպետք է քաղաքականացվեն։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ գազի գնի հարցի լուծման մեջ քաղաքական բաղադրիչը շատ մեծ է, այլ ոչ թե տնտեսական։ Եւ եթե քաղաքական է,  այո, պետք է քաղաքական բանակցություններ գնան, բայց նաև ասեմ, որ մենք միասնական միության անդամ ենք՝ դրանից բխող հարցերով»,- նշեց Միքայել Մելքումյանը։

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանն ունի առանձնահատկություն, որ ոչ միայն գազը ստանում է ռուսական «Գազպրոմ»-ից, այլև ներքին օպերատորը շուկայում էլի ռուսական է, և դա միայն Հայաստանում է այդպես, ԵԱՏՄ անդամ այլ երկրներում նման բան չկա։

«Այսինքն՝ և մատակարարողը, և բաշխողը նույն ընկերությունն է։ Մենք մի բան որդեգրել ենք հեղափոխությունից հետո, որ անկախ հիմնադիրների ծագումնաբանությունից, բոլորն էլ հայաստանյան օրենքներով պետք է գործեն, դա կլինի ամերիկյան, ռուսական, գերմանական, թե ֆրանսիական կապիտալով, մեր օրենքները պետք է պահպանվեն և մեր պետությունն իր շահերը պետք է պահպանի»,- նշեց Միքայել Մելքումյանը։

Նա միաժամանակ ասաց, որ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում 40 տոկոսով նվազել է, և հիմա ՀՀ կառավարությունը պետք է այնպիսի միջավայր ձևավորի, որպեսզի ռուսական ներդրումները մնան Հայաստանում։

 

  • Կիսվել: