երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը գլխամաս կունենա Երևանում. Քերոբյանը՝ նախագծի մասին

Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը գլխամաս կունենա Երևանում. Քերոբյանը՝ նախագծի մասին

Հայաստանում Եվրասիական վերաապահովագրական ընկերություն կստեղծվի: Ընկերության հիմնադրման մասին համաձայնագրի վավերացման նպատակադրվածության վերաբերյալ նախագիծն Ազգային ժողովի՝ հունիսի 13-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Սա երևի թե առաջին նմանատիպ ընկերությունն է, որի գլխամասը գտնվելու է Երևանում՝ Հայաստանում, և սա մեզ համար շատ կարևոր ձեռքբերում է, որովհետև, ըստ էության, մեր աշխատանքի ընթացքում կարողացանք, այսպես ասեմ, լոբբի անել, որպեսզի ընկերությունը գլխամաս ունենա Երևանում, և հասանք մեր առջև դրված նպատակին»,- ասաց նախարարը:

Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը, 3-րդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը ԵԱՏՄ-ում և 3-րդ երկրներում ձեռնարկատիրական ու քաղաքական ռիսկերից արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեության իրականացման միջոցով:

Քերոբյանը հիշեցրեց, որ 2022-ի փետրվարի 24-ից հետո մի շարք միջազգային վերաապահովագրական ընկերություններ հրաժարվել էին շարունակել ապահովագրել Հայաստանից և ոչ միայն Հայաստանից դեպի ՌԴ արտահանվող ապրանքների ապահովագրությունների վերաապահովագրումը՝ դրանով էական դժվարություններ ստեղծելով Հայաստանի արտահանողների համար: Արդյունքում նաև Հայաստանի արտահանման ապահովագրական ՓԲԸ-ն դժվարություններ էր ունեցել արտահանումներին իրենց գործարքներում օժանդակելու գործում:

«Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը թույլ է տալու, որպեսզի մենք ունենանք լրացուցիչ գործիք, որը կօգնի վերաապահովագրել նաև մեր արտահանման ապահովագրական ընկերության ստանձնած ռիսկերը»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն այս ընկերությունում մասնակցում է 3 տոկոսի չափով, ներդրվելու է 450 միլիոն ռուբլի:

«Այդ ներդրումը մենք անում ենք նաև մեր Հայաստանի ապահովագրական ՓԲԸ-ի միջոցով, այսինքն՝ սկզբից գումարը համալրելու է արտահանման ապահովագրական ընկերության կապիտալը, և հետո այդտեղից ներդրում է արվելու վերաապահովագրական ընկերության մեջ: Դրանով մենք լուծում ենք ևս մեկ խնդիր՝ լրացնում ենք մեր ապահովագրական ըկերության կապիտալը, որը ևս պահանջված գործիք է, պահանջված գործառույթ է՝ հաշվի առնելով այն, որ բավականին հաճախ մեր ապահովագրական ընկերության բիզնեսը կաշկանդվում է հենց կապիտալի չափով»,- ասաց նա:

  • Կիսվել: