երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե տաքսիներում չլինի անկանխիկ վճարման հնարավություն քաղաքացին կարող է չվճարել և գնալ. Փաշինյան

Եթե տաքսիներում չլինի անկանխիկ վճարման հնարավություն քաղաքացին կարող է չվճարել և գնալ. Փաշինյան

Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև պոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Այդ հարցում պետք է շահառուներին օգնության կանչենք: Օրինակ, շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե շահառուները քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք: Որովհետև դա շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի: Եթե չկա այդ ծառայությունը, ուրեմն շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե չվճարելու: Շահառուն պետք է ասի՝ շնորհակալություն, ցտեսություն, ու գնա իր գործին»,-ասաց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաար Գնել Սանոսյանը նշեց, որ վարչապետի թվարկածները իրենք ներառել են օրենքի նախագծում:

«Եվ ֆիզիկական անձանց դեպքում, և էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիների դեպքում, սահմանվել է պարտադիր պահանջ, որպեսզի ունենան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա և էլեկտրոնային անդորրագիր: Այս օրենքը 2024 թվականի սեպտեմբերից կմտնի ուժի մեջ»,- ասել է Սանոսյանը:

  • Կիսվել: