ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե մի գյուղում չկա դպրոց, ամբուլատորիա, ինտերնետ, ճանապարհ, մարդը ո՞նց գնա ապրի. Փաշինյան

Եթե մի գյուղում չկա դպրոց, ամբուլատորիա, ինտերնետ, ճանապարհ, մարդը ո՞նց գնա ապրի. Փաշինյան

Երբ մենք խոսում էինք կրթահամալիրների կառուցման մասին, ասում էինք, որ հարակից գյուղերից դպրոց տանող ճանապարհները պետք է լինեն հիմնանորոգված ու բարեկարգ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ենթադրենք, Լուսաձոր գյուղում մենք կառուցում ենք կրթահամալիր, հիմա մենք ունե՞նք ցանկը, թե որ մերձակա գյուղերի համար է նախատեսված: Երկրորդը, մենք պետք է ունենանք նախկինում ոչ մի անգամ չօգտագործված տրանսպորտային միջոց եւ վերապատրաստված, ստանդարտացված արտահագուստով վարորդներ, որ գյուղերից երեխաներին կբերեն դպրոց, երեկոյան կտանեն գյուղեր»,-հարցրեց նա:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ դա կարվի երկրորդ փուլում:

Փաշինյանը շարունակեց. «Երբ մի տեղ կրթահամալիր ենք կառուցում, հաջորդ խնդիրը պետք է լինի ճանապարհը, այնուհետեւ հաջորդ խնդիրը պետք է լինի այդտեղ առողջապահական ամբուլատոր ծառայությունները հասանելի լինեն նույն տրամաբանության մեջ: Մենք չենք ասում, որ ամեն գյուղում պետք է լինի ամբուլատորիա, բայց նորմալ ճանապարհով, նորմալ տրամաբանական  հեռավորության վրա հասանելիություն պետք է  ունենա նաեւ ամբուլատոր ծառայությունը:

Հիմա, դպրոցը ստեղծում ենք, ճանապարհը կառուցում ենք, ամբուլատորիան ստեղծում ենք, բայց գյուղն ունի շատ քիչ բնակչություն: Մեր հաջորդ գործողությունն այն է, որ մենք հիմա բնակարանների գնման վկայագրերով եւ բնակարանների կառուցման  ծրագրեր ունենք, որ առաջարկում ենք քաղաքացիներին: Այն բնակավայրերում, որտեղ պետական ներդրումներ ենք անում, բայց բնակչության թվի խնդիր ունենք, մենք մյուս ծրագրերը վերաձեւակերպում ենք եւ կոնկրետ անունով բնակավայրերում բոնուս ենք ավելացնում: Այսինքն մարդկանց ասում ենք, եթե դուք բնակարանի գնման վկայագրով բնակարան ձեռք կբերեք այս-այս գյուղերում, որտեղ մենք արդեն ունենք դպրոց, մանկապարտեզ, ձեր ԲԳՎ-ի վրա մենք լրացուցիչ տոկոս կավելացնենք, այսինքն բնակարան ձեռք բերելն ավելի մատչելի կլինի շահառուի համար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաեւ նկատեց, որ երբ ուսումնասիրում են դատարկվող գյուղերի վիճակը, տեսնում են, որ այնտեղ ապրելու պայմաններ չկան. «Ասենք, եթե չկա դպրոց, չկ մանկապարտեզ, չկա ճանապարհ, չկ առողջապահություն, չկա ինտերնետ, մարդը ո՞նց գնա ապրի»:

  • Կիսվել: