ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկրորդ եռամսյակի սկզբից արդեն կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ. Տիգրան Խաչատրյան

Երկրորդ եռամսյակի սկզբից արդեն կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ. Տիգրան Խաչատրյան

Առաջին եռամսյակի երրորդ ամսվա երկու շաբաթն է կրել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հունվար-մարտ ամիսների տնտեսական ակտիվության  ցուցանիշի 4 տոկոս աճին։

Այսինքն, ըստ նրա, այն փաստը, որ առաջին եռամսյակում գրանցվել է դրական տնտեսական ակտիվություն, առավելապես առաջին երկու ամիսների բարձր տնտեսական ակտիվության և 2019 թվականի բարձր տնտեսական ակտիվության հետևանքն էր։

«Ցավոք, երկրորդ եռամսյակի սկզբից արդեն կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ, հույս ունենք, որ երրորդ եռամսյակից վերականգնումը կսկսվի»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4 տոկոսով։

Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. արդյունաբերության ոլորտ` 8.7 տոկոս, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալ՝ 4.5 տոկոսով, ծառայությունների ծավալ՝ 5.5 տոկոս, առևտրի շրջանառություն՝  0.2 տոկոս, էներգետիկայի արտադրություն՝ 14.8 տոկոս։

  • Կիսվել: