երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում այլևս բարակ շիվեր չեն տնկվելու. իրականացվում են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ

Երևանում այլևս բարակ շիվեր չեն տնկվելու. իրականացվում են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ

Մինչև տարեվերջ Երևանում կտնկվի ևս 850 արժեքավոր ծառ։ Կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերը փոխարինվում են առավել արժեքավոր և գեղեցիկ ծառերով։ 

Հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում արդեն 850 արժեքավոր ծառ տնկվել է, ինչը կարևոր քայլ է կանաչապատման գործընթացում։

«Աշնան ծրագրով արժեքավոր ծառատեսակներով փոխարինման աշխատանքները Մաշտոցի պողոտայում ավարտվել են։ Ծրագրում ընդգրկված են նաև այլ վարչական շրջանների փողոցները։ Մաշտոցի պողոտայում առկա են սոսի տեսակի թանկարժեք ծառատեսակներ, որոնք պահպանվում են։ Բոլոր փողոցներն ունենալու են իրենց դիմագիծը՝ Իսակովի պողոտայում կաղնու հարստացումն է շարունակվելու, մեկ այլ փողոցում սաֆորա է տնկվելու և այլն։ Ասեմ, որ բոլոր տնկվող ծառերը հասուն են։ Երևանում այլևս բարակ շիվեր չեն տնկվելու։ Փորձը ցույց է տալիս, որ դրանք այդպես էլ ծառեր չեն դառնում»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը նկատեց, որ նման մոտեցումը շատ կարևոր է, որովհետև այն միանգամից սկսում է կատարել իր ֆունկցիան։ Տնկվում են 5-6 մետր բարձրությամբ 7-10 տարեկան ծառեր։

«Կարծիք է ստեղծվել, որ նոր գեղագիտական ծառերը չեն կատարում կարևոր ֆունկցիաներ։ Ասեմ, որ ընտրված բոլոր ծառերն էլ կատարում են իրենց ֆունկցիան։ Ավելին՝ հասուն ծառերը տնկելու դեպքում դա արագ է սկսում տեղի ունենալ, որովհետև ստիպված չենք լինում սպասել, որը շիվը ձևավորվի։ Հիմա մենք ունենք անհրաժեշտ տեխնիկա, որի օգնությամբ կատարվում է կոճղահանում և տեղադրվում են նոր հասուն ծառերը։ Մեծ տնկիները թանկ արժեն, բայց կարևոր է այդ մոտեցմամբ առաջ շարժվելը, որովհետև այդ դեպքում չի փոխվում նաև փողոցի տեսքը»,-ասաց Հասմիկ Խուրշուդյանը։  

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանի խոսքով՝ հսկայական աշխատանք է կատարվում ծառերի խնամքի առումով։ Համակարգված աշխատանքի, կլիմայական բարենսպաստ պայմանների արդյունքում բավական լավ արդյունք է գրանցվել։

«Գարնան տնկումներից հետո ուսումնասիրություն կատարվեց և տեսանք, որ  ծառերի փոխարինման, լրացման ծրագրի շրջանակում տնկված 807 ծառից, պայմանական ասած, չորացածների թիվը չի հասնում 10-ի։ Ինչու եմ ասում պայմանական, որովհետև ամբողջությամբ չորացում չկա, ծառի բունն ամբողջությամբ կենսունակ է։ Ծառերը տնկվել են ինչպես փողոցային տնկարկներում, այնպես էլ անապատ դարձած տարածքներում, որտեղ ցանկանում ենք նոր այգիներ հիմնել»,-ասաց Արթուր Խալաթյանը։

Անդրադառնալով գարնանը աղմուկ հանած սակուրաների թեմային, երբ Մոսկովյան փողոցում տնկումն ընդվզում առաջացրեց, Արթուր Խալաթյանը նշեց, որ ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր չկա, սակուրաները գտնվում են շատ լավ վիճակում։ Նա հիշեցրեց, որ սակուրաները մեր քաղաքում նորություն չեն, 2020 թվականին ևս տնկվել են ու դրանց արդյունավետությունը բավական բարձր է։

  • Կիսվել: