շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանն ու Պեկինն աշխատում են համագործակցության նոր ուղղությունների վրա. Չինաստանի դեսպան

Երևանն ու Պեկինն աշխատում են համագործակցության նոր ուղղությունների վրա. Չինաստանի դեսպան

Հայ–չինական հարաբերությունների զարգացման մեծ հեռանկարներ կան, ներկա պահին աշխատանք է տարվում համագործակցության նոր ուղղությունների վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը։
 
«Չինաստանի զարգացումը միայն մեր երկրի ձեռքբերումը չէ, այլև նոր հնարավորությունների ստեղծումն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար», – ասաց Ֆանը։
Ըստ նրա` կողմերն աշխատում են նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի խորացնելու երկկողմն փոխգործակցությունը։ Նոր ուղղությունների շարքում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներուժի ընդլայնումը։ Ֆանը կարծում է, որ սա խթան կհանդիսանա Հայաստանի զարգացման համար, իսկ Պեկինը մշտապես կլինի Երևանի կողքին։
 
Դեսպանը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում չինական ավելի մեծ թվով ընկերություններ ցանկություն կհայտնեն ներդրում անել ՀՀ տնտեսության մեջ։
Հիշեցնենք, որ 2009 թվականից Չինաստանը Հայաստանի առևտրային՝ մեծությամբ երկրորդ գործընկերն է։ 2022 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 39,4%–ով` հասնելով 1,758 մլրդ դոլարի։ Երկու երկրներն էլ մասնակցում են այնպիսի նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությունը, ենթակայանների վերազինումը, ֆոտոէլեկտրական էլեկտրակայանների կառուցումը և այլն։
 
Բրյուսովի անվան պետական համալսարանին կից գործող «Կոնֆուցիոսի ինստիտուտից» բացի չինական կողմը տարբեր ուսումնական հաստատություններում ևս 3 «Կոնֆուցիոսի դասարան» և չինարենի ուսումնասիրման 10 կենտրոն է բացել։ Այսօր Հայաստանում ավելի քան 3.5 հազար մարդ չինարեն է սովորում։

  • Կիսվել: