ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երեկ Երևանից Կապան թռչող ինքնաթիռը 2 րոպե չի նկատվել սարքավորումների կողմից. Սանոսյան

Երեկ Երևանից Կապան թռչող ինքնաթիռը 2 րոպե չի նկատվել սարքավորումների կողմից. Սանոսյան

ՀՀ կառավարությունը խնդիր է դրել ապահովել կանոնավոր չվերթների իրականացումը Երևանից դեպի Կապան։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով այդ երթուղով նախօրեին տեղի ունեցած փորձնական թռիչքի մասին։

Կանոնավոր թռիչքների մեկնարկի ժամկետ գործադիրի նիստում չնշվեց, քանի որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ փորձնական թռիչքի ժամանակ արձանագրվել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն։

«Մի հատված ենք ունեցել, որտեղ մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է։ Մենք հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որպեսզի հետագայում թռիչքուղու ուղղությամբ մեր ալեհավաք և այլ նավիգացիոն սարքավորումները շտկենք։ Ընդհանուր առմամբ, թռիչքը դրական ենք գնահատում։ Մեր նպատակն է վերլուծել տեղի ունեցածը»,– ասաց նախարարը։

Սանոսյանը նշեց, որ վերլուծություններից ու սարքավորումների փոփոխությունից հետո հնարավոր է նոր տեխնիկական փարձնական թռիչք իրականացվի։ Եվ միայն ինքնաթիռի ամբողջ թռիչքը ռադարների կողմից տեսանելի լինելու դեպքում կսկսվեն աշխատանքները կանոնավոր թռիչքների կազմակերպման ուղղությամբ։

Բացի այդ, կառավարությունը պետք է նաև լուծի թռիչքի կազմակերպման որոշ տեխնիկական հարցեր։

«Քանի որ սա ներքին թռիչք է, պետք է հասկանանք, թե «Զվարթնոցում» ու տեղում ինչպես պետք է կազմակերպենք, որովհետև անձնագրային որոշակի գործառույթները պետք է հասկանանք։ Կապանի օդանավակայանը մեծ հաշվով պատրաստ է թռիչքներն ընդունելու։ Եվ մեր նպատակն է այս ամենը ավարտելուց հետո գնալ նրան, որ ունենանք կանոնավոր փոխադրումներ»,– ասաց Սանոսյանը։

ՏԿԵ նախարարը նաև հայտնեց, որ փորձնական թռիչքը Երևանից Կապան տևել էր 46 րոպե, բայց կանոնավոր թռիչքների դեպքում այն կկրճատվի 5-6 րոպեով, քանի որ փորձնական թռիչքը ավելի դանդաղ է իրականացվել` հնարավոր տեխնիկական խնդիրները բացահայտելու համար։

Հիշեցնենք` ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում 10:58 վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանից փորձնական թռիչքից իրականացրած L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը` նախատեսված 19 ուղևորի համար։

  • Կիսվել: