երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ ոլորտի աշխատողներին հարկել 5% եկամտահարկով՝ 20%-ի փոխարեն

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ ոլորտի աշխատողներին հարկել 5% եկամտահարկով՝ 20%-ի փոխարեն

Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ` առաջարկելով փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում և ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը ներկայիս 20%-ի փոխարեն հարկել 5%-ով, ինչպես նաև նրանց աշխատավարձերը գնանշել արտարժույթով։

Ըստ նախագծի, փոփոխությունը վերաբերելու է այն ընկերություններին, որոնց 80% և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

«․․․ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2, J62.0 և J63.1 խմբերում ներառված գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով»,- ասվում է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխության մեջ։

Նշենք, որ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2 խումբը վերաբերում է համակարգչային ծրագրերի հրատարակությանը, J62.0 խումը՝ խորհրդատվական գործունեությանը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, իսկ J63.1 խումը՝ տվյալների մշակմանը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխմանն ու հարակից գործունեությանը, վեբ-պորտալների հետ կապված գործողություններին։

Նախագծ հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։ «2022-ի տարեսկզբից նկատվող և այժմ պահպանման միտում ունեցող արտարժույթների, հատկապես ԱՄՆ դոլարի արժեզրկումն ուղղակի բացասական ներգործություն ունի Հայաստանի այն տնտեսվարողների գործունեության վրա, որոնց ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում։ Ավելին, ԱՄՆ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, խոչընդոտելով կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը»,- ասվում է հիմնավորման մեջ։

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» փոփոխություններում ասվում է, որ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի նույն խմբերին վերաբերող ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար, որոնց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։

Նախագծով ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կապահովվի այս ոլորտի գործունեության զարգացման ընթացքի կայունությունը։

 

  • Կիսվել: