կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՏՄ տարածքում կգործի էլեկտրոնային առևտրի օպերատոր. Ինչ է այն ենթադրում

ԵԱՏՄ տարածքում կգործի էլեկտրոնային առևտրի օպերատոր. Ինչ է այն ենթադրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Նախագծով նախատեսվող լրացման նպատակն է՝ մաքսային կարգավորման ոլորտում գործունեության նոր տեսակի՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ստեղծումը։

Վերջինս պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաև փոխգործակցի ինտերնետ հարթակների և մաքսային մարմինների հետ՝ ապահովելով մաքսային հայտարարագրման գործընթացն ու էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանումը:

Ըստ այդմ՝ սահմանվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակը, ամրագրվում են էլեկտրոնային առևտրի ռեեստրում ընդգրկվելու պայմանները և այդ ռեեստրից հեռացվելու հիմքերը, էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի և պայմանների, էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները:

Ակնկալվում է, որ նախատեսվող փոփոխությունները կնպաստեն մաքսային հայտարարագրման գործընթացի արդյունավետության և անդրսահմանային (արտաքին) էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

  • Կիսվել: