երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ իսկապես ունենք անցումային ժամանակահատված. նախարար

ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ իսկապես ունենք անցումային ժամանակահատված. նախարար

Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, ասաց, որ Հայաստանում, պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ, 2020 թ.-ի հունվարից մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը:

Ըստ պատգամավորի՝ հունվարի 1-ից թանկանալու է ընդհանուր 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միսը, ձեթը, հացահատիկը, պարարտանյութը:

Նա հարցրեց. «Հաշվի առնելով պետբյուջեով նախատեսվող գնաճը՝  4 տոկոս ± 1.5 տոկոս, եթե միջին թանկացումը կազմի 8-9 տոկոս, կառավարությունը աղքատության շեմից ցածր մակարդակ ունեցող ընտանիքների համար որոշակի մեղմացում նախատեսո՞ւմ է արդյոք»:

Խաչատրյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ իսկապես ունենք անցումային ժամանակահատված:

 «Մի շարք ապրանքների համար Հայաստանին տրված էր արտոնյալ ժամանակահատված: Եվ այդ ժամանակացույցին համապատասխան յուրաքանչյուր տարի որոշակի ապրանքատեսակներ սկսում են հարկվել մաքսատուրքի ավելի բարձր դրույքաչափերով մինչև այն ժամանակ: Սակայն դա չի նշանակում, թե 2020-ին բարձրացող մաքսատուրքի դրույքաչափերի ազդեցությունը այդքան է լինելու: Մենք ունենք մանրամասն հաշվարկ, որը վկայում է, որ 2020-ից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5 տոկոսային կետից ավելին»,-պատասխանեց նախարարը:

Նա նշեց, որ բարձրացող մաքսատուրքերով ապրանքների ազդեցությունը լինելու է 2020-ի պետական բյուջեի հիմքում դրված գնաճի ընդհանուր թիրախային ցուցանիշի սահմաններում, և բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն այդ կապակցությամբ չի զգալու:

  • Կիսվել: